Հաջորդ տասնամյակում պատերազմները բոլորովին այլ տեսք են ստանալու, իսկ պատերազմի մարտավարությունն արմատապես փոխվելու է, հայտարարել են Միացյալ Նահանգների Սենատի լսումներին մասնակցած ամերիկացի առաջատար ռազմական մասնագետներն ու վերլուծաբանները:
Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի ռազմական խաղերի նախաձեռնության ղեկավար Փոլ Շերի խոսքով, Միացյալ Նահանգները պատրաստ չէ խոշոր մարդկային կորուստների, որոնք անխուսափելի կլինեին մեծ ռազմական ներուժ ունեցող հակառակորդի դեմ հնարավոր պատերազմի դեպքում, այդ պատճառով, առաջնահերթությունը տրվելու է հեռակառավարվող պատերազմական սարքավորումներին.
«Պատկերացրեք, որ այս խոշոր սարքավորումները ֆուտբոլի թիմի ավագներն են, որոնք գտնվելու են պատերազմական գործողությունների թիկունքում։ Պպատկերացրեք ռմբակոծիչ, որը ոչ միայն ռումբ է կրում, այլ նաեւ հեռակառավարվող սարքավորումների մի բանակ է առաջնորդում, որոնք եւ մղում են մարտական գործողությունները: Պատկերացրեք սուզանավ, որը փոքր հեռակառավարվող սուզանավերի նավատորմ է առաջնորդում»:
Մանրամասնելով, Ռազմավարական եւ բյուջետային հատկացումների ավագ վերլուծաբան Բրայըն Քլարքն ավելացրեց, որ ապագայի ռազմական մեքենաները լինելու են երկու տեսակի. մարդատար, այդ թվում խոշոր օդանավեր եւ սուզանավեր, որոնք կրելու են բազմաթիվ սարքավորումներ եւ առաջին հերթին խոշոր կառավարման կենտրոն են հանդիսանալու: Չափսի եւ սարքավորումների պատճառով դրանք դժվար է լինելու թաքցնել, ուստի դրանք պետք է լինեն լավ պաշտպանված: Մյուս բոլոր ռազմական սարքավորումները լինելու են փոքր, հեռակառավարվոր ու համեմատաբար մատչելի, ուստի դրանց կորուստը լուրջ խնդիր չի հանդիսանա:
Մեկ այլ հարթակ, որի վրա կարող են մղվել ապագայի պատերազմները, ինտերնետն է: Մասնագետների կարծիքով, Միացյալ Նահանգները բավականին լուրջ զորքեր ունի այս ոլորտում.
«Մենք 40 գրոհային թիմ ունենք առցանց հրամանատարության ենթակայության տակ, որոնք հսկայական ներուժ ունեն, ու թեեւ չեն ծածկում ամբողջ աշխարհը, այնուամենայնիվ, ի վիճակի են երկիրը պաշտպանելու նպատակով ցանկացած առցանց գրոհ իրականացնել», - ասում է Ազգային Անվտանգության Գործակալության նախկին տնօրեն գեներալ Քիթ Ալեքսանդերը:
Առցանց ոլորտը սակայն ունի իր յուրահատկությունները: Մասնավորապես, այստեղ որոշումները պետք է ընդունել ոչ թե րոպեների, ինչպես ընդունված է միջուկային հրթիռների պաշտպանության մեջ, այլ վայրկյանների ընթացքում: