ԱՄՆ-ի 85 կոնգրեսական Ղարաբաղում խաղաղություն է պահանջում

ԱՄՆ-ի 85 կոնգրեսականներ իրենց ստորագրությունն են դրել մի նամակի տակ, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում զինադադարի պահպանմանը:

Միացյալ Նահանգները շարունակում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: ԱՄՆ-ի 85 կոնգրեսականներ նամակ են հղել պետքարտուղարությանը, որտեղ կոչ են անում հրադադարի պահպանմանն ուղղված մի շարք քայլեր իրականացնել:

Նամակի համահեղինակ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը «Ամերիկայի Ձայն»-ին պատմել էր, որ Կոնգրեսում շրջանառության մեջ դրված նամակի նպատակն է փրկել մարդկանց կյանքեր եւ հաստատել արդար ու երկարաժամկետ խաղաղություն հակամարտության շրջանում:

Նամակին միացած Ամերիկայի 85 օրենսդիրները պահանջում են դիպուկահարները հետ քաշել շփման գծերից եւ կոչ անում ուղղություն որսացող սարքեր տեղադրել, որոնք ցույց կտային, թե որ կողմից է արձակվում կրակը: Կոնգրեսականները նաեւ զինադադարի խախտումներն ավելի լավ արձանագրելու եւ հետաքննելու նպատակով կոչ են անում ավելացնել ԵԱՀԿ-ի դիտորդների թիվը եւ նրանց հետաքննություն անցկացնելու ավելի լայն լիազորություններ տալ:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանի կարծիքով, հայկական կողմի եւ միջնորդների միջեւ ընդհանուր համաձայնություն կա նամակի բովանդակության շուրջ.

«Միակ կողմը այս հարցում, որ դեմ է այս հստակ քայլերին, Ադրբեջանի կառավարությունն է»:

Ավելի վաղ, արձագանքելով կոնգրեսականների պահանջին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հակազդել էր, որ միջադեպերի գլխավոր պատճառը սահմանագծում հայկական զորքերի ներկայությունն է.

«Հետաքննող մեխանիզմների հաստատումը կախված է հայկական զորքերի դուրսբերման հետ։ Հակառակ դեպքում, նման մեխանիզմները պարզապես կամրագրեն ստատուս քվոն»։

Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ընդգծում է նամակին աջակցություն հայտնած քաղաքական գործիչների մակարդակը.

«Եթե նայեք նամակը ստորագրած գործիչների անուններին, կտեսնեք, որ Կոնգրեսի լուրջ եւ ազդեցիկ անդամներ են»:

Նամակը ստորագրած կոնգրեսականների թվում են Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցության խոշոր գործիչներ Ջո Քրուլին ու Սթիվ Իսրայելը, Հետախուզության հանձնաժողովի նախագահ հանրապետական Դեյվին Իսրայելը, Ֆինանսական հարցերով ենթահանձնաժողովի նախագահ հանրապետական Սքոթ Գարեթը, Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Դանա Ռորաբահերը ու եւս 80 կոնգրեսականներ:

Շնորհակալություն հայտնելով Միացյալ Նահանգների օրենսդիրներին՝ Եղիսաբեթ Չուլջյանը միաժամանակ ընդգծեց Ամերիկայի հայ համայնքի դերը այս հարցում.

«Այս աշխատանքը տարվեց ժրաջան ջանքով մեր համայնքի կողմից, Վաշինգտոն նահանգից մինչ Նյու Յորք, ամեն օր հեռաձայնելով, նամակներով, հանդիպումների միջոցով»:

Բրայան Արդունին իր կողմից հիշեցրեց, որ Միացյալ Նահանգների կոնգրեսականները հետեւողականորեն իրենց ձայնն են բարձրացնում ղարաբաղյան տարածաշրջանում զինադադարի խախտման դեպքերի կապակցությամբ. դեռ 2008-ին կոնգրեսականների այդպիսի նամակին միացել էր Փոլ Ռայանը, որը հնարավոր է արդեն այս շաբաթ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ դառնա: