Հայաստանը աշխարհի ամենաազատ երկրներից մեկն է ինտերնետի ազատության առումով: Ֆրիդոմ Հաուզի այսօր հրապարակված «Առցանց ազատություն» զեկույցի համաձայն, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի հետ միասին Հայաստանը ճանաչվել է ազատ ինտերնետով երկիր:
Հայաստանի բարձր վարկանիշն առավել կարեւոր է, հաշվի առնելով, որ հետազոտության մեջ ընդգրկված երկրների երկու երրորդում ինտերնետի ազատության վարկանիշն իջել է նախորդ տարվա համեմատ: Իրավիճակը վատագույնն է Չինաստանում, Սիրիայում ու Իրանում: «Ֆրիդոմ Հաուզ»-ի վերլուծաբան Լորա Ռիդի խոսքով, եթե առաջ կառավարությունները փորձում էին արգելափակել անցանկալի բովանդակությունը ցանցում, ապա այժմ ավելացել են հենց սկզբնաղբյորից դրա վերացնելու փորձերը:
Անդրադառնալով Հայաստանին, վերլուծաբանը հետաքրքիր տարբերություն նկատեց առցանց ազատությունների եւ ավանդական լրատվամիջոցներում խոսքի ազատություններին.
«Հայաստանի առցանց միջավայրը շարունակում է անհամեմատ ավելի ազատ լինել, քան լրատվամիջոցների ազատությունը, որոնց մեջ ընդգրկված են ավանդական լրատվամիջոցները»:
Լորա Ռիդի խոսքով, միջազգային փորձագետներն առայժմ չգիտեն, թե առցանց ազատության եւ ավանդական լրատվամիջոցների անազատության պայմաններում երկրի իշխանությունները որ ուղղությամբ են մտադիր ընթանալ՝ արդյոք միջավայրի նույնացումը կընթանա դեպի մամուլի ազատությունների ավելացում թե՝ դեպի ինտերնետի նոր սահմանափակումներ.
«Հուսով ենք, որ Հայաստանը կշարունակի առցանց ազատ միջավայր մնալ, սակայն, մենք մտադիր ենք ուշադիր հետեւել իշխանությունների գործողություններին»:
«Ֆրիդոմ Հաուզ»-ի վերլուծաբանն ավելացրել է նաեւ, որ հրապարակված զեկույցի ժամանակահատվածը չի ընդգրկում #ElectricYerevan բողոքները եւ դրանց հետեւած որոշ սահմանափակումները: