ՆԱՍԱ-ի կլիմայագետ Բիլլ Փաթզերթը տարիներ շարունակ աշխատել է «Էլ Նինյո» կլիմայական երևույթի ուսումնասիրությունների շուրջ։ Նրա խոսքերով, այս տարի Կալիֆորնիայում խոնավ ձմեռ է սպասվում: «Էլ Նինյոն» անկանոն և բարդ կլիմայական փոփոխությունների շարք է, ինչին բնորոշ են ձմռան ամիսներին առատ տաք տեղումները:
Եղանակային փոփոխությունները ուսումնասիրող ԱՄՆ-ի գործակալությունը՝ Համաշխարհային օվկիանոսի և երկրագնդի մթնոլորտի հարցերով վարչությունը
(NOAA) հրատարակել է իր վերջին ուսումնասիրությունը: Այն ցույց է տալիս, որ հասարակածի երկայնքով օվկիանոսի ջերմաստիճանը կբարձրանա, ինչը նշանակում է, որ հարավային Կալիֆորնիայում թաց ձմռան 60 տոկոսի հնարավորություն կա:
Այս վարչության եղանակի տեսության կենտրոնից Մայք Հալպերթը ասում է,- «Ըստ մեր տվյալների, այս տարի «Էլ Նինյո» է սպասվում: Ձմռանը մենք կտեսնենք այնպիսի տեղումներ, ինչը չենք տեսել 1997-1998 թվականներից ի վեր:»
Դա վերջին խոշոր «Էլ Նինյոն» էր, որը Կալիֆորնիային հասցրել էր ավելի քան կես միլիարդ դոլարի վնաս: Եղանակի հետևանքով այդ տարի զոհվել էր 17 մարդ։
Հոլիվուդի բնակիչ Թրեյվիս Լոֆմանը ասում է,- «Լեռների վրա բազմաթիվ շինություններ կան, որոնք տարիներ շարունակ չեն թրջվել, դրանց հիմքը ինչպե՞ս կդիմանա առատ տեղումներին:»
Սակայն տեղումների առատությունը Կալիֆորնիայի վրա միայն բացասական ազդեցություն չէ, որ գործում է:
ՆԱՍԱ-ի կլիմայագետ Բիլլ Փաթզերտը ասում է,- «Եթե այս «Էլ Նինյոն» լինի նախորդ երկու խոշոր «Էլ Նինյոների» նման, ապա տեղումները սովորականից երկու անգամ ավելի կլինեն և հուսով եմ, դրա հետևանքով կկրկնապատկվի նաև Սիերրա լեռների ձյունը:»
Փորձագետների խոսքերով, ձյան տեղումները անհրաժեշտ են: Լեռների ձյունը հետագայում հալվում է և վերածվում ջրային պաշարների, որոնք ապահովում են Կալիֆորնիայի խմելու ջրի պաշարի մեծ մասը:
Սակայն NOAA-ի փորձագետների կարծիքով, մեկ տարվա առատ տեղումները բավարար չեն, նախորդ չորս տարիների երաշտի հետևանքները վերացնելու համար: