Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանագրի իրականացումը սկսվում է

Իրանը սկսում է գարծնականորեն իրականացնել միջուկային ծրագրի դադարեցման ծրագիրը, որի իրականացման դեպքում հանվելու են Թեհրանի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցներն ու իրանական էներգակիրները մուտք են ստանալու Եվրոպայի շուկա: Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ բոլոր կողմերից ցուցաբերված քաղաքական կամքը հնարավոր դարձրեց ծրագրի իրականացման քայլերի մշակումը.

«Եվրոպական Միությունը կդադարեցնի միջուկային ծրագրի հետ կապված բոլոր տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները եւ Միացյալ Նահանգները կսառեցնի երկրորդական տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները անմիջապես, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատի Իրանի կողմից պարտականությունների կատարումը»:

Իրանի պաշտոնյաներն արդեն հայտարարել են, որ ամենամոտ ժամանակներս Թեհրանը պատրաստ է սկսել իր պատրականությունների կատարումը.

«Մեզ անհրաժեշտ կլինի մեկ-երկու շաբաթ, հնարավոր է մի քիչ ավելի, սակայն մինչ տարվա վերջը մենք կհայտարարենք պարտավորությունների իրականացման օր», - Վիեննայում անցած բանակցություններից հետո հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին:

Մասնավորապես, Իրանի Միջուկային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին նշել է, որ Իրանը լայնածավալ աշխատանքներ է իրականացնելու եւ սկսելու է իր պարտականությունների իրագործումը Արեւմուտքի կողմից պատժամիջոցների հանման հետ միաժամանակ.

«Միայն տեղանքում ապամոնտաժվելու են բազմաթիվ ցենտրիֆուգներ, այդ թվում 5,000 ցենտրիֆուգ Նաթանզում եւ 1,000-ը՝ Ֆորդոյում»:

Հատկանշական է, որ Իրանի հոգեւոր առաջնորդին մոտ կանգնած պահպանողական թեւը դեռեւս զգուշությամբ է արտահայտվում Արեւմուտքի հետ հարաբերությունները բարելավելու վերաբերյալ.

«Արեւմուտքը եւ մասնավորապես ամերիկացիները պետք է կատարեն իրենց խոստումը: Պարտականությունների կատարման հետ մեկտեղ Իրանի Իսլամական հանրապետությունը հույս ունի պատժամիջոցների վերացման ականատեսը լինել», - հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վիլայաթին:

Վերլուծաբանների խոսքով, հաշվի առնելով շահերն ու հետաքրքրությունները, Իրանի միջուկային պայմանագրի իրականացումը բավականին հավանական է, եւ իրագործման դեպքում, այն մեր մոլորակը փոքր ինչ ավելի անվտանգ վայրի կվերածի: