Զանգվածային սպանությունների խնդիրը ԱՄՆ-ում

Shooting

Վերջին 50 տարիների ընթացքում ԱՄՆ-ում եղել է զանգվածային կրակոցների 90 դեպք: Այդ թվում նաև հինգշաբթի օրը տեղի ունեցած Ռոսբերգի քոլեջի զանգվածային սպանությունը:

Միացյալ Նահանգների դպրոցներում այս տարի եղել են մոտ տասը կրակոցների և խմբակային սպանությունների դեպքեր՝ սարսափի մեջ դնելով բազմաթիվ ուսանողների և ծնողների:

Այդ թվում են Հարրիսբուրգի ավագ դպրոցներից մեկի տնօրենի դեմ կրակոցը , Քլեվլենդում իր գրասենյակում պատմության դասախոսի սպանությունը և Լեյսիի ավագ դպրոցի ուսուցիչների կողմից չեզոքացված ահաբեկչությունը: Այս իրադարձություններին հաջորդեց հինգշաբթի օրը տեղի ունեցած Ռոսբերգի քոլեջի զանգվածային սպանությունը, ինչի արդյունքում զոհվեց տասը մարդ:

Մինչ զոհվածների ընկերներն ու բարեկամները սգում են նրանց մահը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արդեն 15րդ անգամ հայտարարություն է անում զանգվածային սպանությունների վերաբերյալ:

Նրա խոսքերով. «Միացյալ Նահանգները աշխարհում ամենազարգացած երկրներից մեկն է, որտեղ սակայն չկան զենքի օգտագործման խելամիտ օրենքներ, նույնիսկ կրկնվող զանգվածային սպանություններից հետո»:

Բարաք Օբաման այսպիսի խմբակային սպանություններն անվանում է «սովորական դարձած երևույթ»:

«Մեր մտքերը և աղոթքները բավարար չեն» ասում է նա։ «Դրանք ամբողջովին չեն արտացոլում այն սրտացավանքը, զայրույթը և ողբը, ինչը մենք պետք է զգայինք»:

«Everytown» վերլուծական կենտրոնը խմբակային սպանությունների վերլուծություն է տրամադրել, օգտագործելով ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի 2009 թվականի հունվարից մինչև 2015 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածի տվյալները: Ըստ վերլուծության տվյալների, հրազենային կրակոցով զանգվածային սպանություն կատարողների միջին տարիքը 34 է: Սպանությունների 68 տոկոսը տեղի են ունեցել առանձնատներում, 13-ը՝ հանրային տարածքներում, որտեղ զենքի առկայությունը օրենքով չի թույլատրվում և 19 տոկոսը՝ հանրային այն տարածքներում որտեղ զենքի առկայությունը թույլատրվում է:

Ալաբամայի համալսարանի դասախոս Ադամ Լանքֆորդը նշում է, որ զանգվածային սպանությունների խնդիրը ԱՄՆ-ում այժմ ավելի մեծ է, քան նախկինում, և ապագայում կարող է ավելի մեծ լինել, քան այժմ: Նրա խոսքերով, բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները իրենք չունեն: