Ազատ ապագա հնարավոր է կառուցել միայն սիրո, համագործակցության եւ համերաշխության միջոցով, հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ պատմության մեջ առաջին անգամ ելույթ ունենալով Միացյալ Նահանգների Կոնգրեսում:
Անդրադառնալով աշխարհում տիրող կրոնի եւ Աստծո անունից տարվող հակամարտություններին, Ֆրանցիսկոս պապն ընդգծել է, որ ոչ մի կրոն պաշտպանված չէ անձնական մոլորությունների կամ գաղափարական ծայրահեղականության արատներից.
«Անհրաժեշտ է հատկապես ուշադիր լինել արմատականության ցանկացած տեսակի նկատմամբ՝ լինի այն կրոնական, կամ մեկ այլ տեսակի»:
Պապին Վաշինգտոնում ողջունելու էին եկել նաեւ Միացյալ Նահանգների հայ երիտասարդները, որոնք Միացյալ Նահանգների Կապիտոլիումի առաջին շարքերից քահանայապետին ողջունելու համար այստեղ էին եկել առավոտյան 3-ից: Պապի խոսքից ոգեշնչված՝ Լեննա Օհանեսիանը կարեւորեց ելույթում բարձրացված մարդու իրավունքների եւ կլիմայի փոփոխության խնդիրները, ինչպես նաեւ այլ հարցեր.
«Պապը ոգեշնչում է երիտասարդներին, քանի որ համապարփակ մոտեցում է քարոզում բոլոր մարդկանց նկատմամբ, անկախ նրանց ծագումից, տարիքից կամ ազգությունից»:
Ամերիկահայ երիտասարդները եկել էին ոչ միայն քահանայապետին ողջունելու, այլեւ՝ շնորհակալություն հայտնելու նրա կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման կապակցությամբ.
«Իր խոսքը, իր ճարը, որ նա ուղղեց ամբողջ աշխարհին, շատ մեծ ազդեցություն ունեցավ համայն կաթոլիկ եւ ոչ միայն կաթոլիկ աշխարհի վրա, այն շատ մեծ օգնություն էր համաշխարհային մակարդակով մեր հարցը առաջ տանելու», - «Ամերիկայի Ձայնին» ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Սահակյանը:
Կոնգրեսում իր ելույթի վերջում Ֆրանցիսկոս պապն անդրադարձավ նաեւ ներգաղթյալների եւ փախստականների խնդրին, հիշեցնելով, որ ինքը նույնպես ներգաղթյալի որդի է.
«Այս մայրցամաքի ժողովուրդները օտարերկրացիներից չեն վախենում, քանի որ մեզանից շատերը կյանքում մեկ անգամ գոնե օտարերկրացի են եղել»:
Վաշինգտոնից Հռոմի պապն ուղեւորվեց Նյու Յորք, որտեղ նա ելույթ է ունենալու ՄԱԿ-ում աշխարհի առաջնորդների առջեւ եւ այցելելու է Հարլեմի դպրոցներից մեկում սովորող կարիքավոր ընտանիքների երեխաներին: