Ուկրաինայում մտահոգված են Ռուսաստանի կողմից հարձակման վտանգով

Օդեսայի մոտակայքում այս շաբաթ շարունակվել են ավանդական ՝՝Ծովային Զեփյուռ-2015՛՛ միջազգային ռազմախաղերը, որոնց ընթացքում կողմերը կենտրոնացել են խաղաղարար առաքելությունների իրականացման վրա:

Ուկրաինական 1500 բանակայիններից բացի, զորավարժություններում մասնակցում են Միացյալ Նահանգների 400 ծովայիններ, ինչպես նաեւ սպաներ՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից եւ Շվեդիայից: Մինչ Օդեսայում շարունակվում են զորավարժությունները, Կիեւում նախագահ ՊետրոՊորոշենկոն ահազանգել է Ռուսաստանի կողմից ռազմական հարձակման վտանգի մասին, հայտարարելով, որ ՝՝ռուսական ագրեսիան Ուկրաինայի համար դեռեւս գլխավոր վտանգ է մնում՛՛:

Ավելի վաղ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի Ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում նախագահ Պորոշենկոն եւս մեկ անգամ կոչ է արել առաջադեմ աշխարհին միավորվել եւ Ուկրաինային աջակցություն ցուցաբերել.

«Մենք պայքարում ենք ոչ միայն հանուն մեր անկախության, մենք պայքարում ենք հանուն ազատության ու հանուն ժողովրդավարության»:

Ուկրաինայի առաջնորդը Ռուսաստանի ղեկավարությանը մեղադրել է գլոբալ անվտանգության համակարգի ոչնչացման մեջ եւ կոչ արել դաշնակիցներին հետեւողական լինել եւ վերականգնել գլոբալ անվտանգության համակարգը: Պորոշենկոն նաեւ կարծիք է հայտնել, որ քանի դեռ Մոսկվան շարունակում է Ուկրաինայում հակամարտության կողմ հանդիսանալ, Ռուսաստանին անհրաժեշտ է զրկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքից, քանի որ այն, նրա խոսքերով,խոչընդոտում է խաղաղության հաստատմանը.

«Այժմ Անվտանգության խորհուրդը պարզապես արգելափակված է եւ չի կարող որեւէ դեր խաղալ, իսկ մենք որեւէ այլընտրանք չունենք»: