ԱՄՆ-ի դիրքորոշումը Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ

Obama

Մինչ ԱՄՆ-ի Կոնգրեսը պատրաստվում է այս ամսվա վերջին քննարկել Իրանի հետ միջուկային գործարքի մանրամասները, Իրանի գերագույն առաջնորդ Այաթտոլլա Ալի Խամենեին հինգշաբթի օրը իր աջակցությունը հայտնեց Իրանի միջուկային գործարքի համաձայնության շուրջ խորհրդարանական քվեարկությանը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը համաձայնության եկավ դեմոկրատ սենատոր Բարբարա Միքուլսքի հետ, ով հայտարարեց, որ կաջակցի Իրանի հետ միջուկային գործարքին: Քանի որ ԱՄՆ-ի կոնգրեսի Հանրապետական կուսակցության ընդդիմադիր դիրքորոշումը շարունակում է մնալ կարծր, նախագահ Օբաման ջանում էր Դեմոկրատ սենատորների հետ համաձայնության գալ, որպեսզի վերջիններս կողմ քվեարկեն Իրանի միջուկային գործարքին:

Բարբարա Միքուլսքը 34րդ դեմոկրատ սենատորն էր, ով իր համաձայնությունը տվեց գործարքին, սա նշանակում է, որ Օբաման այժմ ունի բավարար ձայներ, որպեսզի կարողանա գործարքը կնքելու մասին օրենքը հաստատել նույնիսկ եթե Հանրապետական կուսակցության սենատորների մեծամասնությունը դեմ քվեարկի:

Սակայն քննադատների կարծիքով, չկան բավարար երաշխիքներ, որ Իրանը միջուկային զենք չի ստեղծի: Նրանք մտահոգ են, որ Իրանը պատժամիջոցներից ազատվելով, կարող է ֆինանսապես օժանդակել ահաբեկիչներին, ինչը վտանգի տակ կդնի ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելին։ :

Պետքարտուղար Ջոն Քերրին Ֆիլադելֆիայում արտասանած իր ելույթի ժամանակ, Իրանի հետ միջուկային գործարքը դրական քայլ համարելով, ասել է, որ դրանից հրաժարումը ապակայունացնող քայլ կլինի։

Չնայած Քերրիի համոզիչ հայտարարությանը, Ֆիլադելֆիայի Հրեաների Ֆեդերացիայի նախագահ Նաոմի Ադլերը ասում է, թե իրենք մտահոգված են, որ Իրանը կարող է ահաբեկչական հարձակումներ հովանավորել Իսրայելի և Մերձավոր Արևելքի այլ երկրների դեմ:

Ըստ Մերիլենդի Համալսարանի ներկայացրած հարցումների արդյունքի, ամերիկացիների 55 տոկոսը կողմ է գարծարքի կնքմանը, 23 տոկոսի կարծիքով պետք է Իրանի դեմ պատժամիջոցները խստացվեն։ Մնացածի կարծիքով, գործարքի մանրամասները պետք է վերանայվեն:

Հիշեցնենք, որ հուլիս ամսին Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գերմանիայի հետ եկավ միջուկային իր ծրագիրը սահմանափակելու շուրջ համաձայնության՝ ստանալով իր նկատմամբ պատժամիջոցները մեղմելու երաշխիքներ։ ՄԱԿ-ի Ատոմային Էներգիայի Գործակալությունը ստանձնել է պատասխանատվություն՝ ստուգելու, թե ինչպես է Իրանը կատարում տրված խոստումը։

Ստելլա Գրիգորյան

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի դիրքորոշումը Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ