՝՝Ռուսաստանը փորձում է չարաշահել Ինտերպոլի հնարավորությունները՛՛

Ինտերպոլի անդամ 19Օ երկրները կարող են այս հաստատությանը ներկայացնել ՝՝Կարմիր գրառումներ՛՛ անվանումը ստացած դիմումներ՝ խնդրելով ձերբակալել ու արտահանձնել քրեական հանցագործությունների մեջ կասկածյալ ու այլ երկրներում գտնվող քաղաքացիների։

Ինչպես բրիտանական Հենրի Ջեքսոն հաստատության կողմից հրապարակված ՝՝Ռուսաստանի կողմից Ինտերպոլի չարաշահումները՛՛ վերտառությամբ զեկույցի հեղինակ Դեյվիդ Սեթըրն է ասում, ՝՝Պետությունների համար շատ հեշտ է ներկայացնել ՝՝Կարմիր գրառումներ՛՛, քանի որ Ինտերպոլը գործում է վստահության հիմունքներով։ Այդ պատճառով էլ սակայն չարաշահումների առջեւ այն երբեմն դառնում է խոցելի՛՛։

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում շատերի նկատմամբ են կայացվում անհիմն մեղադրանքներ՝ հիմքում հիմնականում ունենալով քաղաքական դրդապատճառներ։ Այդ մեղադրանքներն էլ Ռուսաստանի իշխանությունները ներակայացնում են Ինտերպոլին, ինչը նշված անձանց համար գրեթե անհնար է դարձնում ճամբորդելը։

Ռուսաստանի կողմից ՝՝Կարմիր գրառումներ՛՛ի դիմումների մեջ է հայտնվել նաեւ ՝՝Հերմիթաժ Քեփիթալ՛՛ ներդրումային ընկերության հիմնադիր Բիլ Բրաուդերի անունը։
Հիշեցնենք, որ 2ՕՕ9 թվականին բանտում սպանել են Բրաուդերի դատապաշտպան Սերգեյ Մագնիցկիին, որին ձերբակալել էին այն բանից հետո, երբ նա սկսել էր պետական կոռուպցիայի հարցերով հետաքննություն։
Մոսկվան այժմ Բրաուդենին մեղադրում է կեղծիքներ իրականացնելու մեջ եւ ՝՝Կարմիր գրառումներ՛՛-ի խնդրանքով դիմել է Ինտերպոլին։ Դիմումը սակայն մերժում է ստացել։

Անցյալ տարվա հոկտեմբեր ամսին Բուլղարիայի դատարաններից մեկը մերժեց Կրեմլի քաղաքական ընդդիմադիր Նիկոլայ Կոբլյակովին ՝՝Կարմիր գրառումներ՛՛-ի միջոցով ձերբակալելու պահանջը։ Եվ ինչպես Կոբլյակովն է ասում, դա իր համար դարձավ եվրոպական արդարադատության ու սկզբունքների մի վառ օրինակ։

Ինտերպոլը նշում է մոնիտորինգ անցկացնող իր անդամ մարմնի գոյությունը, որի նպատակն է կանխել հնարավոր չարաշահումները։
Դեյվիդ Սեթըրի խոսքերով սակայն, այն երբեմն լավ չի աշխատում ու բոլոր գործերի առնչությամբ չէ, որ զբաղվում է։

՝՝Ու եթե Ռուսաստանի պես երկրները շարունակեն չարաշահել Ինտերպոլին կից հաստատությունների հնարավորությունները, այս հաստատությունների դռները կփակվեն նրանց առջեւ՛՛, ասում է նա։

Ինտերպոլը հրաժարվեց պատասխանել ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հարցերին, սակայն ներկայացրեց մի հայտարարություն, ըստ որի այն չի ենթարկվում չարաշահումների եւ որ ամեն երկիր ինքը պետք է որոշի, թե իր տարածքում որքան իրավական արժեք է տալիս ՝՝Կարմիր գրառումներ՛՛-ին։