Փորձագետները ավելի հաճախ են ընդգծում, որ Արկտիկան սկսում է միանգամայն կարևոր աշխարհաքաղաքական դեր խաղալ: Ոմանք այնտեղ տեսնում են մարդկության ապագան, մյուսների կարծիքով՝ հյուսիսը կարող է դառնալ նոր համաշխարհային պատերազմի թատերաբեմ:
Հյուսիսային Ամերիկայում տևական ժամանակ պատերազմներ տեղի չեն ունեցել: Սակայն Արևմուտքի մի շարք փորձագետների կարծիքով հյուսիսում ռազմական լարվածությունը, որում ներգրավված կլինեն Միացյալ Նահանգները և Կանադան, ժամանակի հարց է: Սառուցյալ օվկիանոսի խոշոր տարածքի սառցազերծումը, ըստ նրանց, կարող է պատճառ հանդիսանալ, որ աշխարհի տարբեր պետությունների միջև ծագեն տարածքային կամ տնտեսական հակասություններ:
Միջազգային հարաբերությունների սրացման դեպքում արկտիկական զանգվածները հեշտությամբ կարող են դառնալ բռնակցման օբյեկտ, նշում են փորձագետները: Բավական է մտաբերել Ռուսաստանի Դաշնության հզոր Հյուսիսային նավատորմը, որը զինված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով հագեցած միջուկային սուզանավերով: Դրանք ունակ են Հյուսիսային բևեռի շրջաններում աննկատ անցնել բևեռային լայնությունները և հայտնվել անմիջապես կանադական և ամերիկյան տարածքների հարևանությամբ:
Սառույցների չդադարող հալոցքը կարող է հեշտացնել նաև սովորական նավերի տեղաշարժը: Հարկ է նաև հիշել, որ տեխնիկական առաջընթացի ներկայիս մակարդակը թույլ է տալիս ագրեսիայի գործողություններ իրականացնել, նույնիսկ եթե հարձակվող բանակը հեռու է գտնվում թշնամու սահմաններից:
"Համաշխարհային հանրությունը պետք է պայքարի Արկտիկայի ռազմականացման դեմ: Ներկա իրավիճակում տարածքի ակտիվ ռազմականացումը դեռևս անիրատեսական է: Սակայն կայունությունը պահպանելու համար բոլոր երկրները պետք է ողջամիտ պահվածք դրսևորեն, քանի որ որևէ մեկը դրանից չի շահի", ասում է 21 դարի հարցերով ինստիտուտի նախագահ Իրվին Ստուդինը:
Արմատական էսկալացիայի համար, բնականաբար, ծանրակշիռ պատճառներ են հարկավոր: Ցավոք, մեկ պատճառ արդեն իսկ գոյություն ունի. ուկրաինական ճգնաժամը, որը շոշափում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ՆԱՏՕ-ի անմիջական շահերը:
Արևելյան Ուկրաինայում ռազմական հակամարտությունը մայրցամաքային պատերազմի վերածելուց խուսափելու նպատակով՝ կանադացի քաղաքագետ Իրվին Ստուդինը եռափուլ ծրագիր է առաջարկում՝ առաջին հերթին Դոնբաս խաղաղապահներ ուղարկելը.
"Այս հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է երեք պայման: Առաջինը՝ խաղաղարար ուժեր ուղարկել Դոնբաս խիստ չեզոք երկրներից, օրինակ՝ Հնդկաստանից: Երկրորդ՝ Ուկրաինայի լիովին հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցությունից: Եվ երրորդ՝ Ռուսաստանի հանդեպ Ղրիմի հետ առնչություն չունեցող պատժամիջոցների վերացումը":
Ստուդինը, ով աշխատանքի բերումով հաճախ է լինում Մոսկվայում և Կիևում, գտնում է, որ այդ ծրագրի իրականացումը հետագայում թույլ կտա ստեղծել ռուս-ուկրաինական հարաբերությունների նոր հարթակ, ինչպես նաև բարելավել երկու երկրների փոխգործակցությունը եվրոպական պետությունների հետ:
Շատերը արդեն իսկ նշում են, որ ծրագիրը, ըստ էության, Արևմուտքի միակողմանի փորձն է Կրեմլի այն քաղաքական գործիչներին խաղաղացնելու ուղղությամբ, ովքեր կտրականապես դեմ են Ռուսաստանի սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի ներկայությանը: Ամեն դեպքում անհրաժեշտ է առավել մանրակրկիտ մասնագիտական վերլուծություն:
Վերջին տարիներին Արկտիկայի ռազմավարական նշանակությունը անսահման աճել է: Եվ ԱՄՆ-ի, Կանադայի և Ռուսաստանի նման երկրներից այսպիսի զարգացումները լուրջ վերաբերմունք և պատասխանատու գործողություններ են պահանջում: