ԱՄՆ. Ղարաբաղի հարցում կողմերը պետք է վերահաստատեն կարգավորման պատրաստակամությունը

Չկա եւ երբեք չի լինի Լենային Ղարաբաղի հարցի ռազմական լուծում, այս մասին Վաշինգտոնում Բրուքինգս հաստատությունում իր ելույթի ընթացքում հայտարարեց Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը: Նրա խոսքով, Միացյալ Նահանգներն ուշադրությունը կենտրոնացրել է ղարաբաղյան հակամարտության արդար, խաղաղ, տեւական եւ բոլոր կողմերի համար շահավետ կարգավորման վրա, եւ հենց այդ մոտեցումը պետք է գերակայի հաջողության հասնելու համար:

«Գույություն չունի ավելի լավ լուծում, բոլոր մյուսներն այնքան սարսափելի են, որ դրանք չարժե նույնիսկ դիտարկել», - ասաց Ռուբինը:

Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծեց, որ ժամանակն է, որպեսզի կողմերը վերահաստատեն առաջընթացի հասնելու իրենց պատրաստակամություն ու նվիրվածությունը, չմանրամասնելով, թե դա արդյոք պետք է արվի կողմերի հայտարարության թե՝ նախագահների հերթական հանդիպման ձեւով: Այդուհանդերձ, առաջընթացին նվիրվածությունը վերահաստատել անհրաժեշտ է, համոզված է դիվանագետը.

«Դա հեշտ չէ եւ այդ կարգավորմանը հասնելու համար երկու կողմն էլ պետք է որոշ ընտրություն կատարեն, դա երկու կողմի համար էլ բարդ է եւ հենց այդ պատճառով կարգավորմանը դեռեւս չենք հասել»:

Ամեն դեպքում, ավելացրել է Ռուբինը, Միացյալ Նահանգները մյուս համանախագահող երկրների հետ միասին, պատրաստ է տեւական խաղաղության հաստատման համար անել հնարավոր ամեն ինչ: Պետքարտուղարության բարձր պաշտոնյան ավելացրեց նաեւ, որ կողմերը պետք է ձեռնպահ մնան բռնություններից.

«Մեր կարծիքով, չափազանց կարեւոր է, որպեսզի կողմերն ամեն կերպ զերծ մնան այս իրավիճակը սրելուց, այսպիսով, միջադեպերից խուսափելը վճռական հարց է»: