Հունաստանը եվրագոտու մյուս 18 պետություններին է ներկայացրել պարտքերի մարման եւ ճգնաժամից դուրս գալու իր վերջնական ծրագիրը, որը փորձագետներն արդեն անվանել են եվրագոտում մնալու Աթենքի վերջին հնարավորությունը: Ըստ փաստաթղթի, որը նախապատրաստվել է Ֆրանսիայի պաշտոնյաների օգնությամբ, Հունաստանը համաձայնել է բարձրացնել հարկերը, կրճատել ծախսերը եւ արմատական տնտեսական բարեփոխումներ իրականացնել: Եվրագոտու անդամ պետությունների պաշտոնյաները սակայն դեռեւս բավականին հոռետեսորեն են տրամադրված:
«Մենք չենք կարող միասնություն ցուցաբերել մի երկրի նկատմամբ, որը հրաժարվում է ընդունել սեփական պարտավորությունները: Երկիրը միասնության իրավունք է ձեռք բերում միայն եթե այն ընդունում է սեփական պարտավորությունները», - ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սափինը:
Ներկայացված առաջարկների փաթեթը պարտատերերի հետ բանակցությունների հիմք է ծառայելու, իսկ կիրակի, հուլիսի 12-ին եվրագոտու եւ Եվրամիության երկրները գագաթնաժողով են հրավիրել, որի ընթացքում էլ կորոշվի Հունաստանի ապագա ճակատագիրը:
«Կարծում եմ, մենք տեղավորվում ենք համաձայնեցված ժամանակահատվածի շրջանակներում ու հաջորդ ժամերը որոշիչ կլինեն», - ասել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
Հատկանշական է, որ Եվրոպայի ֆինանսական շուկան ավելի բարետեսորեն է նայում ապագային քան քաղաքական գործիչները: Այսպես, եվրոպական արժեթղթերի շուկան արձագանքել է վերջին իրադարձություններին 2-տոկոսանոց աճով: Փորձագետների կարծիքով, ճգնաժամի կարգավորմանը մեծապես նպաստել է Միացյալ Նահանգները՝ հորդորելով երկու կողմերին կառուցողականություն ցուցաբերել: Գերմանական կողմը սակայն եվրագոտում Հունաստանի ապագայի մասին դեռեւս միայն կատակում է:
«Օրերս ես ընկերոջս, Ջեք Լյուին, ասացի, որ մենք պատրաստ ենք ընդունել Պուերտո Ռիքոն եվրագոտի, եթե Միացյալ Նահանգները Հունաստանին ընդունեն դոլարային գոտի, նա էլ կարծեց, թե դա կատակ էր», - ասել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոբլեն:
Կիրակի նախատեսվող գագաթնաժողովն այս առումով իրոք ճակատագրական է լինելու Հունաստանի համար, որի բնակչությունը հուլիսի 5-ին անցած հանրաքվեյում հերքեց պարտատերերի խիստ պայմանները: Այս անգամ սակայն Հունաստանի խորհրդարանի առջեւ հավաքված բազմահազարանոց ցույցը պահանջում էր երկրի իշխանություններից անել ամեն ինչ, որպեսզի Հունաստանը մնա եվրագոտում: