Սերբիան ճանաչել է գործած հանցագործությունը

Սերբիայի ժողովուրդն իր բարձրության վրա գտնվեց եւ կարողացավ ճանաչել 20 տարի առաջ Բոսնիայի մահմեդականների դեմ գործած սերբ հրամանատարների հանցագործությունը: Այս մասին Բոսնիայի Սրեբրենիցայում տեղի ունեցած ողբերգությանը նվիրված, «Ամերիկայի Ձայնի» կողմից հրավիրված քննարկման ընթացքում հայտարարեց ՄքՔեյնի հաստատության գործադիր տնօրեն դեսպան Քրթ Ուոքերը: Նրա խոսքով, գիտակցելով որոշ ռազմական հրամանատարների հանցագործությունը՝ սերբերն իրենք իրենց ձեռքով սկսեցին դատել սեփական հանցագործներին.

«Դա հսկայական տարբերություն է անցյալում նկատվող ժխտողական քաղաքականությունից»:

Քննարկման մասնակիցներն ընդգծեցին, որ անցած 20 տարիների ընթացքում ամբողջ բալթյան տարածաշրջանն աննախադեպ վերելք է ապրել, այդ թվում Միացյալ Նահանգների դրական մասնակցությամբ: Անդրադառնալով 1995-ին տեղի ունեցած ողբերգությանը` դեսպան Սթիվեն Ռափը նշեց, որ այժմ անհրաժեշտ է ճանաչել տեղի ունեցածը եւ օգնել ողջ մնացած տուժածներին.

«Անհրաժեշտ է աշխատել այդ հանցագործությունների զոհերի հետ, փորձելով օգնել նրանց կարգավորելու համար սեփական կյանքը»:

Սրեբրենիցայի ոճրագործության զոհերի հիշատակին էր նվիրված նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցած բանավեճը, որի ընթացքում Ռուսաստանը արգելակեց Բոսնիայում տեղի ունեցած ողբերգությունը քննադատող բանաձեւի ընդունումը.

«Ներկայումս բանաձեւի ընդունումը բացարձակապես անարդյունավետ քայլ է»:

Իր զարմանքը հայտնելով Մոսկվայի դիրքորոշման կապակցությամբ՝ Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Սամանթա Փաուերն ընդգծեց բանաձեւի կարեւորությունը.

«Այսօրվա քվեարկությունը կարեւոր էր զոհերի եւ նրանց հիշատակի համար, Ռուսաստանի վետոն այդ ընտանիքներին ցավ է պատճառել»:

Ռուսաստանի բացասական դիրքորոշումը քննադատեցին նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները, որոնց կարծիքով Մոսկվան չի ցանկանում հարգել Սրեբրենիցայում սպանված մահմեդական 8000 քաղաքացիների հիշատակը: