Չնայած Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջնաժամկետը լրացել էր նախորդ ամիս, այս շաբաթ Իրանի եւ «վեցնյակի» արտգործնախարարները շարունակեցին բանակցությունները: Կողմերի որոշմամբ, բանակցությունները հետաձգվել են եւ Վիեննայում շարունակվում են համաձայնության ձեռքբերմանն ուղղված աշխատանքները՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի, Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի եւ այլ կողմերի մասնակցությամբ:
Կողմերի հավաստմամբ, չնայած որոշակի առաջընթացի, մնում են որոշ անհամաձայնեցված հիմնարար հարցեր, որոնցից հետո Իրանը վերջնականապես կսահմանափակի սեփական միջուկային ծրագիրը, փոխարենը ստանալով Արեւմուտքից պատժամիջոցների մեղմացում: Իրանի արտգործնախարարի խոսքով, չնայած մոտեցումների տարբերություններին, երկու կողմն էլ համաձայնության ուղղված ջանքեր են գործադրում: Այդ մոտեցման հետ համաձայնել է նաեւ պետքարտուղար Քերրին, որի հավաստմամբ կողմերը երբեք համաձայնության այդքան մոտ չեն եղել, որքան այս պահին.
«Եթե հետագա մի քանի օրվա ընթացքում հնարավոր լինի մի շարք բարդ որոշումներ կայացնել, ապա մենք համաձայնության կգանք արդեն այս շաբաթ»:
Համաձայնելով ամերիկյան գործընկերոջ հետ՝ Իրանի արտգործնախարարը դրական է գնահատել բանակցությունների ընթացքը.
«Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել, ու թեեւ դեռեւս մնում են մի քանի բարդ հարցեր, կարծում եմ, քաղաքական կամք ցուցաբարելով մենք կարող ենք կարգավորել այդ հարցերը»:
Անդրադառնալով բանակցությունների ընթացքին՝ Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էրնեստը նշել է, որ համաձայնության վերջնաժամկետը հետաձգվում է, քանի որ կողմերին անհրաժեշտ է համաձայնեցնել բազմաթիվ տեխնիկական հարցեր, որից հետո եւ հնարավոր է հասնել վերջնական համաձայնության: Միեւնույն ժամանակ, Էրնեստը նշել է, որ միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը չի կարգավորի Թեհրանի հետ եղած բազմաթիվ այլ խնդիրներ.
«Մենք տեղյակ ենք, որ Իրանը շարունակում է մնալ ահաբեկչություն հովանավորող երկրների առաջին շարքում, մենք տեղյակ ենք, որ Իրանը շարունակում է աջակցել խմբերի, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արեւելքում, եւ որ Իրանն իր գաղութում ապօրինի պահում է Ամերիկայի քաղաքացի»:
Սպիտակ տան մամլո խոսնակը նշեց, որ հենց Թեհրանի հետ եղած խնդիրների պատճառով անհրաժեշտ է դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրը եւ Թեհրանի հետ համաձայնության հասնել: «Ամերիկայի Ձայնի» աղբյուրները հայտնել են, որ Միացյալ Նահանգների, Իրանի, Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Գերմանիայի ներկայացուցիչներից բաղկացած խումբն արդեն նախնական համաձայնություն է ձեռք բերել Իրանի դեմ պատժամիջոցները թուլացնելու վերաբերյալ, ինչի մասին կհայտարարվի համաձայնությանը արտգործնախարարների մակարդակով հավանություն տալուց հետո: