Երեւանի կենտրոնում էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ բողոքի մասնակիցները նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը հաղթանակ չեն համարել եւ որոշել են շարունակել բողոքը Բաղրամյան պողոտայում: «Ամերիկայի Ձայնը» որոշեց այս անգամ վերլուծաբաններից եւ քաղաքական գործիչներից մեկնաբանություններ վերցնելու փոխարեն լսել համացանցում ElectricYerevan անվամբ հայտնի Հայաստանի մայրաքաղաքի սրտում անցնող բազմահազար ակցիայի մասնակիցներին, որոնց մեծ մասն ի դեպ երիտասարդներ են:
«Մեր պայքարն արդարացի է, եւ կմնանք այնքան ժամանակ, մինչեւ մեր պահանջները լիարժեք կատարվեն»:
Ակցիայի մասնակիցների խոսքով, իրենցից շատերը աշխատում եւ սովորում են եւ բազմաթիվ ժամեր դրսում անց կացնելը շատերի համար շռայլություն է, սակայն երբ ընտրությունը ազատ ժամանցի եւ գաղափարների համար պայքարի միջեւ է, պայքարը շարունակելուն այլընտրանք չի մնում: Այսպես, գաղափարական հարց է մարդկանց արժանապատիվ կյանքի ապահովումը, ինչը Հայաստանի համար արդիական խնդիր է.
«Հավատացած եղեք, ամբողջ հանրապետությունը կարիքավոր է: Ամբողջ հանրապետությունում չկա որեւիցե մի ընտանիք, որը չունենա կարիք: Երբ բոլորս էստեղ գեղեցիկ հագնվում, սանրվում ու ման ենք գալիս, դա չի նշանակում, որ մենք, դա չի նշանակում, որ պետությունը գտնվում է լավ վիճակում»:
Երիտասարդական մաքսիմալիզմն է թե սեփական ուժերին անվերապահ հավատը, սակայն բողոքի մասնակիցները համոզված են, որ կհասնեն իրենց պահանջների լիարժեք կատարմանը.
«Մարդկանց մեջ հույս կամ հավատ է առաջացել, որ այս պայքարը կարող է որեւիցե օգուտ բերել, այսինքն, ժողովրդը հավատում է, որ կարող է միասնաբար, անկոտրուն կամքի շնորհիվ հասնի հաղթանակի»:
Բողոքին մասնակցող մեծահասակ մարդիկ շարունակ կրկնում են, որ այսքան մեծ թվով հայրենասեր, ազատ, կիրթ եւ շնորհալի երիտասարդների առկայությունն իրենց համար անակնկալ էր: Մեծահասակները ոգեւորությամբ ասում են, որ այս նոր սերունդը եկել է 1990-ականներին ծնողների կիսատ գործն ավարտին հասցնելու եւ իրական ազատ եւ անկախ Հայաստան կառուցելու.
«Մենք, մեծահասակներս, մի քիչ հիասթափություն ենք ապրել եւ մեր գործը կիսատ ենք թողել: Ես ափսոսում եմ, որ մեր կիսատ թողած գործը մեր երիտասարդները այնքան կամքի ուժ, հայրենասիրություն ունեն, որ իրենց իրավունքների համար այսօր մեկ մարդու նման ոտքի են կանգնել՝ իրենց իրավունքներն են պաշտպանում: Եվ մեր պետության ղեկավարությունը պարտավոր է նրանց ձայնը լսել, որովհետեւ մեր ապագան, մեր վաղվա օրը մեր երիտասարդներն են»
Դե իսկ երիտասարդները համոզված են, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Բաղրամյանի պողոտայում տեղի ունեցածն արդեն իսկ փոխել է երկիրը, ցույց տալով, որ դրա տերը Հայաստանի քաղաքացին է.
«Եթե սա արդյունքի հասնի, կարծում եմ, արժի որ շարունակել այս պայքարը»: