Լյուքսեմբուրգում մեկնարկած Իրանի եւ Արեւմուտքի միջեւ բանակցությունները կարող են կարեւոր դեր խաղալ ոչ միայն Իրանի տնտեսության զարգացման եւ Եվրոպայի էներգետիկ անվտանգության, այլեւ նաեւ էներգակիրների փոխադրման նոր հնարավորություններ բացել Հայաստանի համար:
Բանակցությունների վերջին փուլի ընթացքում կողմերը նախատեսում են վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերել Իրանի միջուկային ծրագրի դադարեցման եւ որպես հետեւանք՝ երկրի դեմ պատժամիջոցների հանման վերաբերյալ: Ըստ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ բանակցությունների վերջնաժամկետը հունիսի 30-ն է:
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը Լյուքսեմբուրգում հանդիպել է Եվրամիության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Ֆիլիպ Համոնդի, Ֆրանք Վալթեր Շթեյնմեյերի եւ Լորեն Ֆաբիոյի հետ:
Նախարար Շթեյնմեյերի խոսքով, Թեհրանի հետ բանակցությունները թեւակոխում են ամենապատասխանատու փուլը.
«Ես հավատում եմ, որ մնացած տասը օրերի ընթացքում հնարավոր է արդյունքներ արձանագրել, եթե Իրանը շարունակի բանակցություններին կառուցողական մոտեցում ցուցաբերել եւ չխուսափի վերջնական փուլի պայմանավորվածություններից»:
Մանրամասնելով Իրանի առջեւ դրված պարտավորությունները՝ Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է, որ դրանք պարունակում են Իրանի միջուկային կարողությունների սահմանափակումը եւ ստուգման միջոցների մշակումը, որոնք միջազգային փորձագետներին թույլ կտան մուտք գործել երկրի բոլոր, այդ թվում նաեւ՝ ռազմական հաստատություններ.
«Ֆրանսիան ցանկանում է հասնել համաձայնագրի, սակայն՝ դա պետք է լինի ամուր, այլ ոչ թե անկատար համաձայնագիր»:
Իրանի արտգործնախարարն իր կողմից նշել է, որ հունիսի 30-ի վերջնաժամկետը կարող է երկարաձգվել, եթե այն անհրաժեշտ է լիակատար համաձայնության հասնելու համար.
«Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը խուսափեն չափազանց խիստ պահանջներ առաջադրելուց»: