Համաձայն Չարլստոն քաղաքի ոստիկանապետ Գրեգ Մուլլենի, երիտասարդ սպիտակամորթ մի տղամարդ, մտել էր քաղաքի Իմանուել աֆրիկյան մեթոդիստական եկեղեցի և կրակ բացել: Հանցագործության վայրում անմիջապես զոհվել էր 8 մարդ: Եւս մեկ մարդ մահացել էր հիվանդանոց տեղափոխելուց հետո:
Չարլստոնի քաղաքապետ Ջոզեփ Ռիլին վայրագ այդ հարձակումը բնութագրել է որպես «ցնցող ողբերգություն».
«Աղոթքի ժամանակ մարդկանց կրակելու միակ դրդապատճառը ատելությունն էր: Ավելի ստոր արարք դժվար է պատկերացնել»:
Զոհվածների շարքում եկեղեցու հովիվ Քլեմենթա Փինքնին էր, ով նաեւ Հարավային Կարոլինայի նահանգային սենատոր էր:
«Մենք չունենք շատ հարցերի պատասխաններ: Միայն գիտենք, որ մի սպիտակ մարդ մտել էր աֆրոամերիկյան եկեղեցի եւ կրակ բացել մարդկանց վրա աղոթքի և Աստվածաշունչ ընթերցելու ժամանակ: Դա անընդունելի է», - ասում է Չարլսթոնի բնակիչներից մեկը:
Ռումբի սպառնալիքի պատճառով՝ ոստիկանությունը ստիպված էր մարդկանց դուրս հանել եկեղեցու տարածքից:
Ողբերգության կապակցությամբ իր ցավակցություն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման, ում կարծիքով անհրաժեշտ է Միացյալ Նահանգներում խստացնել զենքի ձեռք բերման վերահսկումը.
«Անմեղ մարդիկ զոհվեցին, քանի որ անձը, որը ցանկանում էր նրանց վնաս հասցնել, առանց որևէ խոչընդոտի զենք ձեռք բերելու հնարավորություն է ունեցել: Մենք, որպես երկիր, պետք է մի պահ գիտակցենք, որ նման զանգվածային բռնության դեպքեր այլ զարգացած երկրներում նման հաճախականությամբ տեղի չեն ունենում: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել»:
Իմանուել եկեղեցին Միացյալ Նահանգների հարավային շրջանի ամենահին աֆրոամերիկյան եկեղեցիներից մեկն է: Այնտեղ այցելել են հանրահայտ քաղաքացիական իրավունքների ջատագովներ, որոնց թվում էր Մարտին Լյութեր Քինգը: