Սիրիան համաձայն է թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների մուտքը քիմիական զենքերի կասկածյալ տեղանքներ

Սիրիայի կառավարությունը համաձայնվել է թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների մուտքն այն տեղանքներ, որտեղ, ըստ կասկածների պահվում են քիմիական զենքեր, որոնք կիրառվել են Դամասկոսի արվարձաններից մեկում։

Սիրիայի կառավարությունն այս քայլին գնաց անմիջապես այն բանից հետո, երբ ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարեց, թե ՝՝միայն շատ փոքր կասկած կա՛՛, որ քիմիական զենք չի կիրառվել Սիրիայի կառավարական ուժերի կողմից։

Սիրիայի կառավարության ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ զորքերը մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում իրականացված հարձակման ընթացքում կիրառել են քիմիական զենք, որին զոհ է գնացել ավելի քան 3ՕՕ մարդ։

Սիրիայի կառավարությունը հերքում է այս մեղադրանքները եւ քիմիական զենք կիրառելու մեղքը համարում ՝՝ահաբեկիչներինը՛՛։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը շաբաթ օրը երեկոյան համաձայնվել են, որ քիմիական զենք կիրառելու մասին լուրերը հաստատվելու դեպքում իրենք տալու են ՝՝լուրջ պատասխան՛՛։

Սիրիայի տեղեկատվության նախարարը դրանից հետո հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի ԱՄՆ-ի կողմից ռազմական որեւէ միջամտություն այստեղ ՝՝կբերի քաոս եւ որ Մերձավոր Արեւելքը դրանից հետո կայրվի՛՛։ Նրա խոսքերով, Սիրիայի պետությունն ու նրա բանակային ուժերը շարունակում են մնալ ուժեղ ու հզոր՝ տարածաշրջանում իրենց բարեկամների ու դաշնակիցների հետ միասին։