Բախումներ են տեղի ունեցել Հյուսիսային Իռլանդիայում

Հյուսիսային Իռլանդիայում ոստիկանության հետ սկսված բախումների արդյունքում 56 ոստիկան է վիրավորվել։ Ոստիկանության ղեկավարն այնուհետեւ հանդես է եկել ձերբակալություններ սկսելու սպառնալիքով։ Նա ասել է, թե ձերբակալությունները կտեւեն շաբաթներ ու ամիսներ, եւ որ ՝՝բանտերը կտրաքեն կալանավորվածների առատությունից՛՛։ Մինչ այժմ միայն 7 մարդ է ձերբակալվել։

Ոստիկանության հաղորդած տվյալներով, բողոքի ցույցը սկսվել է 12ՕՕ հոգու մասնակցությամբ, ՝՝որոնց մեծ մասն ունեցել են բռնությունների դիմելու մտադրություն՛՛։ Երկու հակադիր ցույցերը վերածվել են բռնությունների, երբ լոյալիստները փակել են ազգայնականների երթի ուղին։

Անկարգությունները սկսվել են, երբ Մեծ Բրիտանիայի կազմի մեջ մնալու կողմնակիցները մայրաքաղաք Բելֆասթի կենտրոնում անց են կացրել հակացույց՝ ընդդեմ ազգայնականների, ովքեր Հյուսիսային Իռլանդիան Իռլանդիայի Հանրապետությանը վերամիավորելու կողմնակիցներ են։

Բելֆասթում շաբաթ օրը ծրագրված են նոր ցույցեր, ինչի պատճառով ոստիկանական հավելյալ ուժեր արդեն իսկ դիրքեր են գրավել քաղաքի տարբեր հատվածներում։ Ցույցեր են սկսվելու նաեւ երկրի այլ քաղաքներում, որոնց կազմակերպիչը ՝՝Աշակերտ տղաներ՛՛ բողոքական խմբավորումն է։ Հիմնական ցույցերը նախատեսված է անցկացնել Լոնդոնդերրին քաղաքում։