Սպիտակ տանը քննարկում են հնարավոր հարձակումների հարցը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականները Սպիտակ տանը շաբաթ օրն անցկացրած հրատապ հանդիպման ընթացքում քննարկել են ահաբեկչական հնարավոր նոր հարձակումների հարցը։ Հարձակումներ կազմակերպելու մասին ստացված տեղեկությունների պատճառով Վաշինգտոնն ու նրա դաշնակից երկրները Մերձավոր Արեւելքում փակել են իրենց դիվանագիտական հաստատությունները եւ այստեղ գտնվող իրենց քաղաքացիներին հորդորել ցուցաբերել մեծ զգոնություն։ ԱՄՆ-ը ուրբաթ օրն էր նախազգուշացրել ամերիկացիներին, որ ալ Քաիդան ծրագրում է օգոստոս ամսին իրականացնել մի շարք հարձակումներ։

Սպիտակ տանն անցկացված քննարկմանը մասնակցել են պետքարտուղար Ջոն Քերրին, պաշտպանության նախարար Չաք Հեյգելը եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզըն Ռայսը։
Սպիտակ տան կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, թե ՝՝նախագահ Օբաման այս շաբաթասկզբին ազգային անվտանգության հարցերով իր թիմին հանձնարարել է իրականացնել այն բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են ամերիկացիներին Արաբական թերակղզուց սպասվող վտանգներից պաշտպանելու համար՛՛։
Անվտանգության հարցերով պաշտոնատար անձանցից մեկն ասել է, թե ՝՝ամերիկյան ուժերը պատրաստ են պատասխան տալ Մերձավոր Արեւելքում ու հյուսիսային Աֆրիկայում հնարավոր ճգնաժամերին՛՛։ Նրա խոսքերով, նոր հարձակումներ սկսելու մասին տեղեկությունները շատ լուրջ են, սպառնալիքը՝ մեծ, եւ որ Պենտագոնն աշխատում է իր գործընկերների հետ՝ համապատասխան գործողություններ իրականացնելու համար։
Օբաման, որը շաբաթավերջն անց է կացնում Քեմփ Դեյվիդի նախագահական համալիրում, օրը մի քանի անգամ թարմ տեղեկություններ է ստանում անվտանգության հարցերով պատասխանատու ղեկավարներից։