Չափավոր դիրքեր զբաղեցնող կրոնավոր Հասսան Ռոուհանին պաշտոնապես ստանձնեց Իրանի նախագահի աթոռը՝ հաջորդելով Մահմուդ Ահմադինեջադին, որը երկրի ղեկավարի պարտականությունները թողեց երկու ժամկետ ծառայելուց հետո։
Երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին Ռոուհանիին նախագահի պաշտոնում հաստատեց շաբաթ օրն անցկացված պաշտոնական արարողության ժամանակ։ Նախագահի պաշտոնամուտի արարողությունը տեղի կունենա կիրակի օրը՝ երկրի խորհրդարանի առջեւ։
Ռոուհանին բացի կրոնականից ստացել է նաեւ իրավաբանական կրթություն ու քաղաքական մի շարք պաշտոններ զբաղեցրել մի քանի տասնամյակ։ Մինչեւ 2ՕՕ5 թվականը 15 տարի ղեկավարել է Իրանի միջուկային հարցերով բանակցային խումբը։
Շաբաթ օրն արտասանած իր ելույթի ժամանակ Ռոուհանին խոստացել է ջանք չխնայել, որպեսզի Արեւմուտքը հրաժարվի Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներից։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ է կիրառում՝ ստիպելու համար Թեհրանին հրաժարվել միջուկային ծրագրից, քանի որ կասկածներ կան, որ այդ ծրագրի վերջնական նպատակը միջուկային զենքի արտադրություն սկսելն է։
Իրանում նախագահը համարվում է կառավարության առաջնորդը։ Պետության ղեկավար է համարվում գերագույն առաջնորդը, որին էլ պատկանում է քաղաքական գլխավոր որոշումները հաստատելու կամ մերժելու իրավունքը։