ԱՀԴՀ-ը հորդորելու է ԱՄՆ-ին ճնշումներ իրականացնել Թուրքիայի վրա

Քեյթ Նահապետյան

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հորդորելու է, որ ԱՄՆ-ը Անկարայից պահանջի դադարեցնել Հայաստանի շրջափակումը եւ ավարտել Կիպրոսի զավթումը։ ԱՄՆ-ի Միջազգային առեւտրի հանղձնաժողովում մայիսի 29-ից 3Օ-ը անցկացվելիք լսումների ժամանակ ԱՀԴՀ-ի Կառավարության հետ կապերի բաժնի տնօրեն Քեյթ Նահապետյանը կոչ է անելու, Թուրքիայի հետ առեւտրային որեւէ պայմանագիր կնքելիս, պահանջել օրենքի ու կանոնների խիստ պայմաններ։

Միջատլանտյան առեւտրի ու ներդրումների համագործակցության վերաբերյալ լսումները նախագահելու է ԱՄՆ-ի առեւտրի նախարարության մի ներկայացուցիչ, իսկ հանձնաժողովն ընդգրկելու է Առեւտրի քաղաքականության հանձնաժողովի անդամներ։

Թուրքիայի կառավարությունը վերջին ամիսներին Վաշինգտոնում լոբբիինգի լարված աշխատանքներ է տանում՝ ԱՄՆ-ի եւ Եվրոպական միության միջեւ հաստատվելիք Միջատլանտյան առեւտրի ու ներդրումների համագործակցություն կազմակերպության կազմում ընդգրկվելու համար, ինչպես նաեւ ջանք չի խնայում, որպեսզի ստորագրվի թուրք-ամերիկյան ազատ առեւտրի երկկողմ պայմանագիր։

Ամերիկայի հայ դատի հանձնախումբն ու Ամերիկայի հելենիստական հաստատությունը, ինչպես նաեւ Հույն-ամերիկյան ղեկավարության խորհուրդը ԱՄՆ-ի Առեւտրի ներկայացուցչին են այս ամսվա սկզբին հանձնել համատեղ մի հայտարարություն, որով կոչ են անում ԱՄՆ-ի կառավարությանը Թուրքիայի հետ առեւտրային որեւէ գործարք կնքելիս ներկայացնել նախապայման այն մասին, որ Անկարան պետք է լիովին դուրս բերի իր ուժերը Կիպրոսից, առանց որեւէ նախապայմանի վերացնի Հայաստանի տնտեսական անօրինական շրջափակումը եւ հրաժարվի այն բոլոր խոչընդոտներից, որոնք հարուցում է Կիպրոսի ու Հայաստանի հետ առեւտրի ու այստեղ ներդրումների գործընթացներին։