Խաղաղության միջազգային բանագնացը ժամանեց Ստամբուլ

Լախդար Բրահիմին՝ Սաուդյան Արաբիայի թագավորի հետ հանդիպման ժամանակ

Շաբաթ օրը Թուրքիա ժամանեց խաղաղության հարցերով միջազգային բանագնաց Լախդար Բրահիմին՝ քննարկելու համար Սիրիայի հետ այս երկրի լարվածությունը, որն առաջ էր եկել Մոսկվայից դեպի Դամասկոս թռչող սիրիական մարդատար օդանավի թռիչքն արգելելու փաստից հետո։ Թուրքիան արդարացնում է իր այս գործողությունը՝ հայտարարելով, թե օդանավը տեղափոխելիս է եղել ռազմական սարքավորումներ եւ զինամթերք։

Սիրիայի պաշտոնատար անձինք հերքում են ռազմական բեռ տեղափոխելու մասին Թուրքիայի մեղադրանքները, իսկ Ռուսաստանը՝ պահանջում բացատրություններ Թուրքիայից։
Բրահիմին այս ճգնաժամի շուրջ արդեն զրուցել է Սաուդյան Արաբիայի Աբդուլլահ թագավորի հետ։ Հանդիպելով Ջեդահում՝ նրանք համաձայնվել են, որ հարկավոր է Սիրիայում կանգնեցնել արյունահեղությունը եւ օգնություն ցուցաբերել բռնություններից տուժած միլիոնավոր մարդկանց։

Սիրիայի ապստամբները Հալեպի մոտակայքում գտնվող օդային հենակետերից մեկի վրա վերահսկողություն հաստատելու նպատակով ուրբաթ օրը բախումներ են ունեցել կառավարական ուժերի հետ։ Առայժմ չկան տեղեկություններ, թե արդյոք ապստամբներին հաջողվել է գրավել այն, թե ոչ։

Այս պահին մարտեր են շարունակվում Սիրիայի մի շարք վայրերում։