Իրաքը գաղտնի կերպով աջակցել է Իրանին

Ըստ ամերիկյան Նյու Յորք Թայմս օրաթերթի, Իրաքն օգնել է Իրանին շրջանցելու միջուկային ծրագրերի պատճառով այս երկրի դեմ ուժի մեջ մտած տնտեսական պատժամիջոցները։ Ըստ նույն թերթի, Իրաքն այս նպատակի համար կիրառել է ֆինանսական հաստատությունների մի մեծ ցանց եւ նավթի անօրինական առեւտրի միջոցներ։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Բաղդադից գործող բանկերից մեկին հուլիս ամսին էր զրկել ամերիկյան բանկային համակարգի հետ համագործակցելու իրավունքից։ Ինչպես Նյու Յորք Թայմսն է գրում, հակառակ այդ հրահանգի, Էլաֆ Իսլամիկ բանկն իրականացրել է միլիոնավոր դոլարների գործարքներ՝ շարունակելով մասնակցությունն Իրաքի Կենտրոնական բանկի ամենօրյա գործունեությանը, որն ունի, իրաքյան դինարը վաճառելով, ամերիկյան դոլար գնելու իրավունք։


Դա, գրված է թերթի հոդվածներից մեկում, Իրանին տվել է միջազգային ֆինանսական համակարգ մուտք գործելու հնարավորություն, ինչն արգելված է այս երկրի դեմ գործող տնտեսական պատժամիջոցների պատճառով։

Ինչպես ահաբեկչությունների եւ ֆինանսական հետախուզության հարցերով ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Դեյվիդ Քոհենն է ասել, ՝՝ԱՄՆ-ը գործուն կերպով փորձում է հեռու պահել Իրանին ԱՄՆ-ի եւ միջազգային ֆինանսական պատժամիջոցներից խուսափելու հնարավորությունից՛՛։

Նյու Յորք Թայմսը գրում է նաեւ, թե այս գործունեությունից մեծապես շահել են Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ լավ հարաբերություններ ունեցող կառավարության անդամները։