Էրդողան. «Սիրիան հստակ վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար»

«Սիրիան հստակ վտանգ է դարձել Թուրքիայի համար, և սիրիական կողմից Թուրքիայի սահմանին մոտեցող ռազմական բոլոր տարրերն այսուհանդերձ վտանգ են համարվելու»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով որ ճգնաժամի հետևանքով թուրքական բանակը փոխում է զենքի կիրառման կանոնները:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, Էրդողանն ասել է, թե «Թուրքական բանակը վրեժխնդիր է լինելու Սիրիայի կողմից սահմանը խախտելու համար»: Նա ընդգծել է նաև, որ ռազմական օդանավը խփվել է միջազգային օդային տարածքում և ընկել Սիրիայի տարածքային ջրերում:

Էրդողանը հիշեցրել է, որ սիրիական կողմը միայն այս տարի Թուրքիայի օդային տարածքը խախտել է 114 անգամ, և այդ բոլոր դեպքերը խաղաղ եղանակով են ավարտվել: «Սիրիայի ուղղաթիռները հինգ անգամ են խախտել Թուրքիայի օդային տարածքը, սակայն խաղաղ եղանակով զգուշացվել են հեռանալու անհրաժեշտության մասին», - ասել է Էրդողանը:

«Սիրիայի ղեկավարները չեն ներկայացնում այս երկրի եղբայրական ժողովրդին», - նշել է նաև Թուրքիայի վարչապետը՝ հավելելով. «Սիրիայի ներկայիս վարչակարգն իր ժողովրդի սպանություններն իրականացնող բռնապետական վարչակարգ է, որը կորցրել է իր լեգիտիմությունը»:

Սիրիայի զինված ուժերի կողմից թուրքական ռազմական օդանավը խփելու կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել նաև Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության խոսնակ Վիկտորիա Նուլանդը:

Պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե ինչպիսին է ԱՄՆ-ի արձագանքն այս միջադեպին, Նուլանդ ասել է, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է Թուրքիայի հետ խորհրդակցությունների անցկացումը՝ միջադեպի կապակցությամբ վերջինիս կարծիքի և ձեռնարկվելիք հետագա քայլերի մասին տեղեկանալու նպատակով:

«Այս օդանավին չեն նախազգուշացրել: Այն պարզապես խփվել է: Եվ սա ըստ էության նշանակում է, որ նման դեպքերի համար նախատեսված միջազգային նորմերը չեն պահպանվել», - ընդգծել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը: