Եգիպտոսի նորընտիր նախագահը սկսել է նոր կառավարության ձևավորումը

Եգիպտոսի ժողովրդավարական առաջին ընտրությունների արդյունքում ընտրված նախագահ Մոհամեդ Մորսին սկսել է երկրի կառավարության ձևավորման աշխատանքները՝ խոստանալով, որ այն կլինի բոլորի շահերը ներկայացնող կառավարություն:

Մորսին, որը կիրակի օրը հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում իր դեմ մրցող նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիքի նկատմամբ, այժմ կենտրոնացել է քաղաքացիական վարչակազմի ձևավորման վրա:

Եգիպտոսի մահմեդականամետ նորընտիր նախագահի առջև այժմ կանգնած է երկրի միասնականությունն ամրապնդելու խնդիրը: Նրան անհրաժեշտ է նաև համոզել երկրի բոլոր քաղաքացիներին, ներառյալ փոքրամասնություններին և կանանց, որ նոր կառավարությունը հավասարաչափ կպաշտպանի իրենց շաները: Այս նպատակով նա արդեն դուրս է եկել «Մահմեդական եղբայրության» և վերջինիս «Ազատություն և արդարություն» կուսակցության կազմից՝ որպես ուղերձ այլ կուսակցություններին, որոնց Մորսին նախատեսում է ընդգրկել միասնական կառավարության կազմում:

Սակայն դեռևս պարզ չէ, թե իշխանության որ մասն է մնացել Եգիպտոսի նորընտիր նախագահի ձեռքում: Չնայած մինչև այս ամսվա վերջ նախագահին իշխանությունն ամբողջությամբ փոխանցելու խոստումներին, Եգիպտոսում իշխանության գլուխ կանգնած ռազմական խորհուրդը վերջերս ձեռնարկել է նախագահին իր իշխանության հիմնական մասից զրկելուն ուղղված քայլեր: Ռազմական խորհուրդը ստանձնել գործադիր իշխանությունների մեծ մասը և հայտարարել օրենսդրական գործառույթների վերահսկողություն սահմանելու մասին այն բանից հետո, երբ հունիս ամսվա սկզբին ցրվել է «Մահմեդական եղբայրության» կողմից գլխավորած Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատը:

«Մահմեդական եղբայրություն»-ը մերժել է ռազմական խորհրդի կողմից ձեռնարկված քայլերը, իսկ Մորսիի կողմնակիցները խոստացել են Կահիրեի Թահրիր հրապարակից չհեռանալ այնքան ժամանակ, որքան կպահանջվի՝ նախագահի և օրենսդիր մարմնի լիազորությունները վերականգնելու համար՝ բարձրացնելով մահմեդական շարժման և գերենալների միջև իշխանության համար պայքարի հավանականությունը: