Հրադադար հաստատելու մասին Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի կոչից մեկ օր անց այս երկրի զորքերը մայրաքաղաք Սանայում կրակ են բացել ընդդիմադիր ցուցարարների վրա։ Փոփոխությունների հրապարակում կառավարական ուժերը շաբաթ օրն իրականացրած գործողության արդյունքում 16 մարդ են սպանել։ 25 այլոք վիրավորվել են։
Երկրից երեք ամիս բացակայելուց հետո վերադառնալով՝ Սալեհն ուրբաթ օրն էր հայտարարել, թե այս երկրում անհանգստությունները մեղմելու միակ ուղին երկխոսություն սկսելն է, այլ ոչ թե ՝՝հրացանն ու թնդանոթը՛՛։ Իր խոսքից հետո նա կոչ էր արել կառավարական եւ ընդդիմադիր ուժերին հարգել հրադադարը։
Եմենում ապստամբության ալիքը սաստկացել է հատկապես անցած մեկ շաբաթում, որի ընթացքում այստեղ սպանվել է 116 ցուցարար։
Երկրի քաղաքական կուսակցությունները հայտարարել են, թե աշխատում են իշխանությունից Սալեհին հեռացնելու ծրագրի վրա։ Մինչ այդ Պարսից ծոցի համագործակցության 6 երկրների ներկայացուցիչներն էին հանդիպել Եմենի փոխնախագահին՝ փորձելով վերսկսել իշխանությունը հանձնելու մասին Սալեհին ուղղված կոչերը։
ԱՄՆ-ի Սպիտակ տունն ուրբաթ օրը հորդորեց Սալեհին սկսել իշխանության ՛՛լիակատար փոխանցում՛՛։