Մատչելի հղումներ

Ձերբակալվել է աշխարհի ամենաորոնվող նարկոբարոնը


Գուզմանի գլխավորած «Սինաոլա» թմրանյութային կարտելի ազդեցությունը տարածվել էր ամբողջ Հյուսիսային Ամերիկայով՝ հասնելով Եվրոպա և Ավստրալիա

Մեքսիկայում այս երկրի և Միացյալ Նահանգների գործակալների կողմից համատեղ իրականացված գործողության արդյունքում շաբաթ օրը ձերբակալվել է աշխարհի ամենաորոնվող նարկաբարոն Խոակին Գուզմանը, որը հայտնի է նաև «էլ Չապո» մականվամբ:

Մեքսիկայի և ԱՄՆ-ի անվտանգության ուժերը մի քանի շաբաթ անընդմեջ հետևում էին Գուզմանին այն բանից հետո, երբ Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել էր Գուզմանի գլխավորած «Սինաոլա» թմրանյութային կարտելի բարձրաստիճան այլ անդամներին:

Մեքսիկայի ոստիկանության համաձայն, Գուզմանին հաջողվում էր խուսափել ձերբակալությունից՝ թաքստոցների և թունելների ցանցից օգտվելու միջոցով: Նարկոբարոնի ձերբակալությունը սակայն տեղի է ունեցել առանց որևէ կրակոցի:

Գուզմանը որոնման մեջ էր նաև Միացյալ Նահանգներում, որտեղ իրեն մեղադրում են Մեքսիկայից կոկայինի, մարիխուանայի և հերոինի խմբաքանակներ առաքելու մեջ:

Գուզմանի գլխավորած «Սինաոլա» թմրանյութային կարտելի ազդեցությունը տարածվել էր ամբողջ Հյուսիսային Ամերիկայով՝ հասնելով Եվրոպա և Ավստրալիա:

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիք Հոլդերը ԱՄՆ-ի և Մեքսիկայի քաղաքացիների հաղթանակ է անվանել Գուզմանի ձերբակալությունը: Նրա համաձայն, Գուզմանի կողմից իրականացված քրեական գործողությունները մեծ վնաս են հասցրել միլիոնավոր մարդկանց կյանքին՝ թմրամոլության, բռնությունների և կաշառակերության տարածման հետևանքով:

Մեքսիկայում 2000-ական թվականների սկզբից թմրանյութերի անօրինական վաճառքի հետ կապված բռնությունների հետևանքով զոհվել է մոտ 80 հազար մարդ:

Ամերիկյան «Ֆորբս» ամսագիրը դասել էր Գուզմանին աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց շարքում՝ նշելով, որ վերջինիս կարողությունը կազմել էր ավելի քան 1 միլիարդ դոլար:
XS
SM
MD
LG