Մատչելի հղումներ

«Վիտամին E-ի ընդունումը բարձրացնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը». ուսումնասիրություն


«Վիտամին E-ի ընդունումը բարձրացնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը». ուսումնասիրություն
«Վիտամին E-ի ընդունումը բարձրացնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը». ուսումնասիրություն

Տարիներ շարունակ մեծ թվով բժշկական հետազոտությունների համաձայն՝ կարծում էին, որ որպես սննդային հավելում վիտամին E-ի ընդունումը կարող է նպաստել շագանակագեղձի քացկեղի կանխմանը: Սակայն նոր հետազոտությամբ պարզվել է, որ վաղ ուսումնասիրությունները սխալ էին և վիտամին E-ի ընդունումը կարող է վնասակար լինել:

Քլիվլենդի հիվանդանոցի բժիշկ Էրիկ Քլեյնն իր ուսումնասիրությամբ ցանկացել է պարզել, թե արդյոք վիտամին E-ն իրապես կրճատում է շագանակագեղձի քաղցկեղի վտանգը 25 տոկոսով:

Ուսումնասիրությանը մասնակցել է 35 հազար տղամարդ. բժիշկները չգիտեին, թե ուսումնասիրության մասնակիցներից ով է ընդունել վիտամին E, և ով՝ պլացեբո՝ կեղծ հաբ:

Հետազոտությանը մասնակից Փեթ Գարիթինի համաձայն, «կարծում էի՝ սա փաստացի տվյալներ հավաքագրելու հնարավորություն է՝ հաստատելու կամ ժխտելու այն գաղափարը, որ վիտամին E-ն կարող են օգտակար լինել»:

Հետազոտությունը սկսվել էր 2001թվականին և ավարտվել 2008-ին, քանի որ հետազոտությունն անցկացողները վիտամին E-ն ընդունողների մոտ որևէ օգուտ չէր արձանագրել:

Ուսումնասիրության ընթացքում ստացված տվյալների միջոցով այլ բան է պարզվել:

«Մենք նկատեցինք, որ սկզբնական հետազոտության ավարտին այն տղամարդկանց մոտ, ովքեր վիտամին E էին ընդունում, բարձրացել է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը», - ասում է բժիշկ Քլեյնը:

Հետազոտությունն անցկացնողները շարունակեցին հետազոտել այդ տղամարդկանց նույնիսկ վիտամին E-ի ընդունումը դադարեցնելուց հետո: Հետազոտությանը մասնակցած տղամարդկանց առողջական վիճակին մասնագետները շարունակում էին հետևել մինչև անցյալ տարի: Այդ ժամանակ էր, որ հետազոտողները բացահայտեցին վիտամին E-ի իրական ազդեցությունը:

«Արդյունքները ցույց տվեցին, որ վիտամին E-ն ընդունած տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղ զարգացնելու վտանգն ավելացել է 17 տոկոսով», - ասում է բժիշկ Քլեյնը:

Բժիշկ Քլեյնի խոսքերով՝ սննդային հավելումների ազդեցությունը կարող է շարունակվել նույնիսկ այն ժամանակ, երբ անձը դադարել է դրանց ընդունումը: Դա էր պատճառը, որ հետազոտողները խնդրել են մասնակիցներին պարբերաբար այցելել բժշկի և մասնակցել վիտամին E-ի հավելումների ավելի երկար հետազոտության:

Բժիշկ Քլեյնի ուսումնասիրությունը տպագրվել է Ամերիկյան բժշկական ընկերակցության ամսագրում:

XS
SM
MD
LG