Մատչելի հղումներ

ԱՄՆ ՄԶԳ-ը կաջակցի Հայաստանի ազգային բրենդի մշակմանը


«Տարբերանշանի մշակման նախաձեռնությունը համալրում է ԱՄՆ ՄԶԳ-ի զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված գործունեությունը` մատնանշելով Հայաստանը աշխարհի քարտեզի վրա և իրազեկություն ապահովելով երկրի մասին` որպես այցելելու և ներդրումներ կատարելու վայր»

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը փետրվարի 20-ին ստորագրել են համաձայնագիր, որի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ը և Հայաստանի կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրեն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին` Հայաստանի համար ազգային տարբերանշանի՝ բրենդի ստեղծման նպատակով:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրության համաձայն, Հայաստանի կառավարությունում կայացած ստորագրման արարողությանը ներկա են գտնվել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի կառավարության բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և ԱՄՆ-ի առաքելության ներկայացուցիչներ:

«Տարբերանշանի մշակման նախաձեռնությունը համալրում է ԱՄՆ ՄԶԳ-ի զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված գործունեությունը` մատնանշելով Հայաստանը աշխարհի քարտեզի վրա և իրազեկություն ապահովելով երկրի մասին` որպես այցելելու և ներդրումներ կատարելու վայր: Գործընկերները համոզված են, որ հզոր տարբերանշանը և արդյունավետ տեղեկատվությունը էապես կօգնեն Հայաստանին` վերջինիս բացառիկ լինելը ներկայացնելով պոտենցիալ զբոսաշրջիկներին ու ներդրողներին և երկիրն առանձնացնելով մրցակիցների շարքում»: - ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը գալիք ինն ամսվա ընթացքում կհամակարգի ազգային բրենդի ստեղծման և Հայաստանի համար առաջխաղացման ծրագրի մշակման աշխատանքները:
XS
SM
MD
LG