Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի զինուժը փորձարկել է ձայնի արագությունը վեց անգամ գերազանցող նոր օդանավ


«Ուեյվրայդեռ» («Waverider», թարգմանաբար՝ «Ալիքների հեծյալ») անվանումը կրող գերձայնային օդանավի պատկերը
«Ուեյվրայդեռ» («Waverider», թարգմանաբար՝ «Ալիքների հեծյալ») անվանումը կրող գերձայնային օդանավի պատկերը

Ապագայում նման արագություն ունեցող օդանավի ուղևորները կկարողանան Նյու Յորքից Լոնդոն տեղափոխվել մոտ մեկ ժամվա ընթացքում

ԱՄՆ-ի զինված ուժերը երեքշաբթի օրը ձայնի արագությունը վեց անգամ գերազանցող անօդաչու օդանավ է փորձարկել Խաղաղ օվկիանոսի շրջանում:

Կալիֆրոնիա նահանգում գտնվող «Էդվարդս» ռազմակայանի խոսնակ Ջոն Հեյրի համաձայն, հեռվից կառավարվող, թևեր գրեթե չունեցող «X-51A» անօդաչու սարքը երեքշաբթի օրը գործարկվել է «B-52» ռմբակոծիչից մոտ 15 հազար մետր բարձրության վրա:

Ռազմակայանի խոսնակի համաձայն, փորձարկման մանրամասների մասին լրացուցիչ տեղեկություններ կներկայացվեն չորեքշաբթի օրը: Ըստ փորձարկման ծրագրի, հրթիռային արագացուցիչը և հրթիռի տեսք ունեցող օդանավի շարժիչը պետք է «Մախ-6» անվանումը կրող սարքի արագությունը հասցնեին ժամում 7300 կիլոմետրի։

«Ուեյվրայդեր» («Waverider», թարգմանաբար՝ «Ալիքների հեծյալ») անվանումը կրող օդանավը հինգ րոպե տևողությամբ թռիչքի ընթացքում պետք է հասներ 21 հազար մետր բարձրության, ապա ընկներ Խաղաղ օվկիանոսի մեջ: Զինված ուժերի համաձայն, սարքը ջրից հանելու ծրագրեր չկան:

Ավելի վաղ՝ 2010 թվականի մայիսին, նման մի սարք հասել էր ձայնի արագությունը հինգ անգամ գերազանցող արագության, սակայն փորձարկումն ավարտվել էր վաղաժամ՝ տեխնիկական խնդիրների պատճառով:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնյաների համաձայն, գերձայնային օդանավը կարող է զգալիորեն հզորացնել Միացյալ Նահանգների օդուժի հզորությունը: Ապագայում այս տեխնոլոգիան հնարավոր կլինի նաև օգտագործել առևտրային թռիչքների արագությունը զգալիորեն ավելացնելու նպատակով: Նման արագություն ունեցող օդանավի օգտագործման դեպքում Նյու Յորքի և Լոնդոնի միջև թռիչքի տևողությունը կարող է կազմել միայն մեկ ժամ:
XS
SM
MD
LG