Մատչելի հղումներ

«Դաշնային կառավարությունը պետք է օրինական ճանաչի նույն սեռի մարդկանց միջև ամուսնությունները»


Դատարանի որոշումը վերաբերում է Միացյալ Նահանգների դաշնային կառավարությանը և չի պահանջում, որպեսզի առանձին նահանգներ ճանաչեն համասեռական այն ամուսնությունները, որոնք կատարվել են նման ամուսնություններն օրինական ճանաչող նահանգներում

ԱՄՆ-ի Գերագույն դատարանի կողմից չորեքշաբթի օրն ընդունված որոշման համաձայն, Միացյալ Նահանգների դաշնային կառավարությունը պետք է օրինական ճանաչի նույն սեռի մարդկանց միջև ամուսնություններն այն նահանգներում, որտեղ նման ամուսնություններն օրինական են ճանաչվում:

Գերագույն դատարանի կողմից ընդունված որոշմամբ անօրինական է ճանաչվել Միացյալ Նահանգներում գործող «Ամուսնության պաշտպանության մասին» դաշնային օրենքի այն դրույթը, որի համաձայն օրինական ճանապարհով ամուսնացած ամերիկացի համասեռական զույգերին մերժվում էր դաշնային հարկային, առողջապահական և կենսաթոշակային նպաստների հատկացումը, որոնք այլապես հասանելի են ամուսնացած հետերոսեքսուալ զույգերին:

Դատարանի որոշումը վերաբերում է Միացյալ Նահանգների դաշնային կառավարությանը և չի պահանջում, որպեսզի առանձին նահանգներ ճանաչեն համասեռական այն ամուսնությունները, որոնք կատարվել են նման ամուսնություններն օրինական ճանաչող նահանգներում:

Համասեռական ամուսնություններն օրինական են կամ շուտով կօրինականացվեն Միացյալ Նահանգների 12 նահանգում և Կոլումբիայի վարչաշրջանում:

Գերագույն դատարանի դատավորների 5՝ կողմ, 4՝ դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունված որոշումը կայացվել է դատավորների ամառային արձակուրդից առաջ անցկացված վերջին նիստի ժամանակ:

Միացյալ Նահանգներում գործող «Ամուսնության պաշտպանության մասին» դաշնային օրենքում, որի համար հաճախակի կիրառվում է «DOMA» հապավումը, ամուսնությունը սահմանվում է որպես ամուսնական կապ կնոջ և տղամարդու միջև: Այս օրենքն ընդունվել էր ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից և օրենքի ուժ ստացել երկրի նախկին նախագահ Բիլ Քլինթընի ստորագրությամբ դեռևս 1996 թվականին:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը 2011 թվականին հրաժարվել էր այս օրենքը պաշտպանելու քաղաքականությունից, սակայն շարունակել էր կիրառկել այն: Նախագահ Օբաման այնուհետև 2012 թվականին հայտնել էր համասեռական ամուսնությունները սատարելու մասին:
XS
SM
MD
LG