Մատչելի հղումներ

«Վիքիլիքս»-ին գաղտնի նյութեր փոխանցած զինծառայողը դատապարտվել է 35 տարվա ազատազրկման


Դատապարտյալի պաշտպանը դիմել է դատավորին՝ Մենինգից «երիտասարդությունը չխլելու» խնդրանքով

Միացյալ Նահանգների պատմության մեջ «Վիքիլիքս» կայքին գաղտնի փաստաթղթեր տրամադրելու միջոցով գաղտնի տեղեկությունների ամենախոշոր արտահոսքն իրականացրած զինծառայող Բրեդլի Մենինգը չորեքշաբթի օրը դատապարտվել է 35 տարվա ազատազրկման:

Դատավոր Դենիս Լինդը, որն անցյալ ամիս մեղավոր է ճանաչել Մենինգին վերջինիս դեմ ներկայացված 20 մեղադրանքով, ներառյալ լրտեսության և առևանգման մեղադրանքները, կարող էր ամբաստանյալին դատապարտել 90 տարվա ազատազրկման: Դատավարության ընթացքում մեղադրանքի կողմը պահանջել էր Մենինգին դատապարտել 60 տարվա ազատազրկման:

25-ամյա Մենինգը, դատավորի վճռի համաձայն, կենթարկվի ԱՄՆ-ի զինված ուժերի շարքերից անարգ զորացրման և կվերադարձնի ծառայության ընթացքում իրեն վճարած գումարի որոշ մասը: Նրա զինվորական կոչումը ներկայիս առաջին կարգի շարքայինի կիջեցվի շարքայինի կոչման:

Բրեդլի Մենինգը ներման իրավունք կստանա դատավճռի մեկ երրորդը կրելուց հետո: Նրա դատավճիռը կնվազեցվի բանտում արդեն իսկ անցկացված ժամանակով և ևս 112 օրով:

Դատապարտյալի պաշտպանը դատավճռի կապակցությամբ որևէ հստակ հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն դիմել է դատավոր Լինդին՝ Մենինգից «երիտասարդությունը չխլելու» խնդրանքով:

Բրեդլի Մենինգը Բաղդադում հետախուզական տվյալների ցածր մակարդակի վերլուծաբան աշխատելու ժամանակ «Վիքիլիքս» կայքին տրամադրել էր 700 հազար փաստաթուղթ, այդ թվում՝ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում 2007 թվականին խաղաղ բնակիչների շրջանում բազմաթիվ զոհերի պատճառը դարձած ուղղաթիռային հարձակման մասին տեսանյութը: Մենինգի կողմից «Վիքիլիքս»-ին փաստաթղթերի փոխանցման արդյունքում կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:
XS
SM
MD
LG