Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատը հորդորել է Ուկրաինայի իշխանություններին զերծ մնալ ցուցարարների նկատմամբ ուժ գործադրելուց


«ԱՄՆ-ի Սենատը կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին և սատարում է իրենց երկրի անկախ և ժողովրդավարական ապագան կերտելու ինքնիշխան իրավունքը»

ԱՄՆ-ի Սենատն ընդունել է բանաձև, որտեղ հորդորել է Ուկրաինայի իշխանություններին զերծ մնալ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ գործադրելուց և նշել է, որ բռնությունների դեպքում կքննարկի պատժամիջոցներ ընդունելու հնարավորությունը:

«Այն դեպքում, եթե պետական մարմինները շարունակեն բռնություններ գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ, նախագահը և Կոնգրեսը պետք է քննարկման դնեն թիրախավորված պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, այս թվում՝ մուտքի արտոնագրերի տրամադրման արգելքն ու ֆինանսական միջոցների սառեցումն այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են բռնությունների գործադրման համար», - ասված է ԱՄՆ-ի Սենատի կողմից ընդունված բանաձևում, որտեղ նշված է, որ ԱՄՆ-ի Սենատը «կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին և սատարում է իրենց երկրի անկախ և ժողովրդավարական ապագան կերտելու ինքնիշխան իրավունքը»:

ԱՄՆ-ի Սենատը, բացի այդ, հորդորել է ցուցարարներին, ընդդիմության անդամներին և Ուկրաինայի քաղաքացիական հասարակությանը շարունակել բռնություններից խուսափելն ու ներգրավվել ազգային հաշտության հաստատմանն ուղղված երկխոսության մեջ:

Բանաձևում, բացի այդ, Սենատը կոչ արել Ուկրաինայի քաղաքական բոլոր կուսակցություններին «զերծ մնալ ատելություն սերմանող խոսքից կամ հակասեմական և նման բնույթի այլ գործողություններից, որոնք կարող են Ուկրաինայի հասարակության մեջ է՛լ ավելի խորը տարաձայնությունների պատճառը դառնալ»:
XS
SM
MD
LG