Մատչելի հղումներ

«ԱՄՆ-ը քննարկում է Ռուսաստանը դոլարային համակարգից մեկուսացնելու հնարավորությունը»


Միացյալ Նահանգները, կիրառելով պատժամիջոցները, կարող է լուրջ վնաս հասցնել Ռուսաստանի տնտեսությանը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Ուկրաինայի նոր վարչապետ Արսենիյ Հացենյուկի միջև կայանալիք հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ-ի Սպիտակ տան խորհրդականները քննարկում են, թե որքան հեռու պետք է գնա Միացյալ Նահանգներն իր զինանոցում առկա տնտեսական զենքի օգտագործման հարցում:

Այս մասին գրում են ամերիկյան «Նյու Յորք Թայմս» և «Ուոլ Ստրիտ Ջորնալ» պարբերականները:

Այսպես, «Նյու Յորք Թայմս»-ը, վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի իրենց անունները բացահայտելուց հրաժարված աղբյուրները, գրում է, որ Միացյալ Նահանգները, կիրառելով պատժամիջոցները, կարող է լուրջ վնաս հասցնել Ռուսաստանի տնտեսությանը: Որոշ պաշտոնյաներ, ընդ որում, կարծում են, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհրաժարվի Ղրիմի նկատմամբ վերահսկողությունից և թերակղզին Ռուսաստանին միանալու ծրագրից, ապա այս հզոր միջոցը պետք է կիրառել հնարավորինս արագ:

«Նյու Յորք Թայմս»-ի աղբյուրների կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Ռուսաստանի նկատմամբ կոշտ միջոցների ընդունումն առավել եռանդուն են սատարում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին քաջատեղյակ պաշտոնյաներն, այդ թվում՝ ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը և Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթը:

Ռուսաստանի տնտեսությանը վնաս հասցնելու հեռանկարներին ավելի զգուշորեն են մոտենում ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեք Լյուն, ԱՄՆ-ի տնտեսական ներկայացուցիչ Մայքլ Ֆրոմանն ու ԱՄՆ-ի նախագահի համաշխարհային տնտեսական հարցերով խորհրդական Քերոլայն Ատկինսոնը:

«Ուոլ Ստրիթ Ջորնալ»-ն իր հերթին, վկայակոչելով ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին, գրում է, որ Պուտինի կառավարության նկատմամբ ԱՄՆ-ի ֆինանսական պատժամիջոցների առաջին փուլը կմեկնարկի արդեն մի քանի օրից, և այն ուղղված կլինի Կրեմլի կողմից Ղրիմը Ռուսաստանին միացնելուն ուղղված գործողությունները վերահսկող կամ նման գործողությունների հետ առնչություն ունեցող Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաների նկատմամբ:

«Ֆինանսների նախարարությունն արդեն իսկ ունի Ղրիմը Ռուսաստանին միացնելու հետ առնչություն ունեցող Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող առանձին անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու լիազորություններ: Մենք ակտիվ որոնում ենք այս չափանիշներին համապատասխանող անձանց, և նրանք կներառվեն սև ցուցակի մեջ», - պարբերականին հաղորդել է պատժամիջոցների շուրջ քննարկումներից քաջատեղյակ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

«Ուոլ Ստրիթ Ջորնալ»-ի համաձայն, «Մագնիտսկու օրենքը» հնարավոր է լայնորեն մեկնաբանել և կիրառվել Պուտինի վարչակազմի և Ռուսաստանի անվտանգության ծառայության բազմաթիվ պաշտոնյաների նկատմամբ, որոնց մեղադրում են մարդու իրավունքների խախտման մեջ:

Միացյալ Նահանգների գործարար շրջանները սակայն, «Նյու Յորք Թայմս»-ի փոխանցմամբ, նախազգուշացնում են Վաշինգտոնը չափազանց միջոցներ ընդունելու հետևանքների մասին: ԱՄՆ-ի առևտրի պալատի, Արտադրողների ազգային ասոցիացիայի և Ռուս-ամերիկյան տնտեսական խորհրդի ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացնում ԱՄՆ-ի Սպիտակ տանը և Կոնգրեսում՝ ներկայացնելով իրենց տեսակետը:

«Նյու Յորք Թայմս»-ի համաձայն, նրանք հորդորում են քաղաքական գործիչներին գործել այնպես, որ պատժամիջոցներն իրական ազդեցություն ունենան Ռուսաստանի վարքի վրա, որպեսզի դրանցից ստացված վնասները չգերազանցեն օգուտը, և որպեսզի պատժամիջոցները համապարփակ լինեն:

ԱՄՆ-ի ներկայացուցիչներին, ըստ «Նյու Յորք Թայմս»-ի, շատ է անհանգստացնում այն հարցը, որ Պուտինը կարող է կանգ չառնել Ղրիմում, քանի որ Ռուսաստանի հետ ցամաքային սահման չունեցող Ղրիմի թերակղզին կախվածության մեջ է Ուկրաինայից ստացվող ջրամատակարարումից, էլեկտրաէներգիայից և այլ ռեսուրսներից: Այդ պատճառով հնարավոր է, որ Ղրիմին աջակցություն ցուցաբերելու նպատակով Մոսկվային անհրաժեշտ կլինի գրավել Ուկրաինայի լրացուցիչ տարածքներ:
XS
SM
MD
LG