Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը չորեքշաբթի օրը հանդիպում է անցկացրել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման խնդիրները և ստորագրել մի շարք համաձայնագրեր։
Մասնավորապես, Քլինթընն ու Լավրովն ստորագրել են իրենց պետությունների միջև երեխաների որդեգրման մասին համաձայնագիրը։ Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել ռուս երեխաների որդեգրումը միայն այն գործակալությունների միջոցով, որոնք համապատասխան կերպ լիցենզավորված կլինեն Ռուսաստանի իշխանությունների կողմից։ Միակ բացառությունը կազմելու են այն դեպքերը, երբ որդեգրումն իրականացվելու է երեխաների հարազատների կողմից։ Այսպիսով, փաստաթուղթը բացառում է անկախ միջնորդների մասնակցությունն այս գործընթացում, նախատեսված է նաև Միացյալ Նահանգներ նոր ծնողների մոտ բնակության տեղափոխված երեխաների իրավիճակի մոնիթորինգի իրականացումը։
Բանակցություների ընթացքում կողմերն ավարտել են նախապատրաստական աշխատանքները՝ ուղղված Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ համաձայնության ստորագրմանը։ Այս համաձայնությամբ նախատեսվում է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները որպես անհատ զբոսաշրջիկ կամ խմբերի կազմում այցելող քաղաքացիներին կտրամադրեն մինչև 36 ամիս ժամկետով ուժի մեջ մնացող մուտքի բազմակի արտոնագրեր։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության համաձայն, այս համաձայնությունը կարող է ստորագրվել շատ շուտով, նույնիսկ մինչև տարվա վերջ։
Հիլարի Քլինթընն ու Սերգեյ Լավրովը, բացի այդ, ստորագրել են 1994 թվականին ճառագայթման ազդեցության ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շուրջ ստորագրված պայմանագիրը լրացնող մի արձանագրություն։ Այս պայմանագրի շրջանակներում իրականացվում է ԱԷԿ-ների և միջուկային ենթակառուցվածքի այլ օբյեկտների մոտակայքում բնակվող Ռուսաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիների վրա ճառագայթման ազդեցության ուսումնասիրությունը։ Պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում Միացյալ Նահանգները հետազոտություններն իրականացնելու համար արդեն իսկ տրամադրել են 47 միլիոն դոլար չափով գումար, ինչը արդյունքում ռուս և ամերիկացի գիտնականները հրապարակել են գիտական ավելի քան 230 հրապարակում։
Երկու պետությունների արտաքին գործերի նախարարները հայտնել են նաև ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության և Օդագնացության կազմակերպման Ռուսաստանի պետական կորպորացիայի մինչև օդային նավագնացության բարելավման մասին համաձայնագրի շուրջ աշխատանքներն ավարտելու մասին։
Արտաքին գործերի նախարարները փոխանակել են նաև ռազմական նշանակության պլուտոնիումի վերացման շուրջ պայմանավորվածության վերաբերյալ դիվանագիտական հայտագրեր։ Հայտագրերի համաձայն, ռազմանակ նշանակության պլուտոնիումի առնվազն 34 տոննայի վերացման աշխատանքները պետք է մեկնարկեն 2018 թվականին։
Բանակցությունների ավարտից հետո անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարն ասել է. «Մեր պետությունների միջև հարաբերություններում ներակայումս բազմաթիվ ոլորտներում համագործակցություն է իրականացվում։ Նախագահներ Օբամայի և Մեդվեդևի կողմից ստեղծված երկկողմանի նախագահական հանձնաժողովը, որը նախագահում ենք ես ու Սերգեյ Լավրովը, կարևոր մեխանիզմ է դարձել՝ ընդհանուր շահերը հետապնդելու համար»։
«Հավատարիմ ենք մնում մեր հարաբերությունների հետագա խորացման և զարգացման նպատակին։ Ցանկանում են շնորհակալություն հայտնել նախարար Լավրովին՝ կատարած գերազանց աշխատանքի համար», - ասել է Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Քլինթընը։
Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է, որ բանակցությունների արդյունքները ցույց են տվել, որ այն հարցերում, որոնց շուրջ դեռևս տարաձայնություններ են նկատվում, երկու պետություների դիրքերը հնարավոր է մերձեցնել։
«Երկկողմանի հարաբերությունների առանձին հայեցակետերի և միջազգային օրակարգի առանձին խնդիրների շուրջ տարաձայնություններ դեռևս կան։ Կարծում ենք, դա բնական է, քանի որ երկու մեծ պետությունների միջև հարաբերություններում միշտ կլինեն բնագավառներ, որտեղ իրենց շահերը կարող են չհամընկնել։ Մեր հարաբերությունների նոր որակը կայանում է նրանում, որ ավելի շատ ենք անդրադառնում ոչ թե ռազմավարական, այլ մեր քաղաքացիների համար կարևորություն ունեցող խնդիրներին։ Այս է երկար տարիների գործընկերության գրավականը», - նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը։
Լավրովի համաձայն, Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարի, ինչպես նաև նախագահ Օբամայի հետ իր հանդիպման ընթացքում քննարկվել են Առևտրի միջազգային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության, Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման, միջազգային անվտանգության ապահովման գործում ՄԱԿ-ի ունեցած դերի խնդիրները։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև Լիբիայում, Սիրիայում և Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև համագործակցությունը Արկտիկայում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի համաձայն, նախագահ Օբաման վերահաստատել է իր պաշտոնակից Մեդվեդևի հետ նախկինում ձեռք բերված համաձայնությունն այն մասին, որ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում համաձայնության հասնել հակահրթիռային պաշտպանության խնդրի շուրջ, ինչը թույլ կտար սկսել համագործակցությունն այս ոլորտում։
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնագրերը ստորագրելուց հետո անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին լրագրողներից մեկը հարց է ուղղել այն մասին, թե ինչու Մոսկվան չի սատարել Սիրիայում քաղաքացիական անձանց դեմ իրականացվող բռնությունները քննադատող ՄԱԿ-ի բանաձևը։
«Դիվանագիտությունը գոյություն ունի ոչ թե քննադատելու և այդ կերպ անմիջական քաղաքական շահ ստանալու համար։ Դիվանագիտության նշանակությունը խնդիրների լուծումն է։ Առանց կառուցողական օրակարգի առկայության անհնար է հասնել որևէ արդյունքի։ Կարծում ենք, որ միջազգային հանրության կողմից լուրջ խնդիրների լուծմանն ուղղված մոտեցումների կարևոր արտահայտություն է Եմենում տիրող իրավիճակին ցուցադրվող մոտեցումը։ Որևէ մեկը չի առաջարկում դատապարտել կամ կողմերից որևէ մեկի օգտին բանաձևեր ընդունել։ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Եվրամիությունը, ՄԱԿ-ը և Արաբական պետությունների լիգան պնդում են, որ ընդդիմությունն ու կառավարությունը պետք է բանակցություններ սկսեն» - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը՝ ընդգծելով, որ Սիրիայում ստեղծված իրավիճակին անհրաժեշտ է վերաբերվել նույն պատասխանատվությամբ։
Պատասխանելով Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Իրանի շուրջ դիրքորոշումների տարաձայնություների մասին հարցին, Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Քլինթընն ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է իրականացնել Իրանի վրա գործադրվող ճնշման և փոխազդեցության քաղաքականությունը։ Քլինթընի համաձայն, Թեհրանի հետ հարաբերություններում Ռուսաստանը կարող է օգնություն ցուցաբերել Միացյալ Նահանգներին։
Մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Միացյալ Նահանգները ողջունելու է Լիբիայում հակամարտության կարգավորմանն ուղղված Ռուսաստանի միջնորդությունը և նշել կողմերի միջև առկա համաձայնությունն այն հարցում, որ Քադաֆին պետք է հրաժարական ներկայացնի։
«Քադաֆիի կողմնակիցներից դեռևս ստանում ենք իրարամերժ տեղեկություններ» - ասել է Քլինթընը՝ հավելելով. «Քադաֆին պետք է կատարի իր երկրի բնակչության դեմ բռնություններ իրականացնելու մասին միջազգային հանրության պահանջները, հետ կանչել իրեն հավատարիմ զորքերը և հրաժարական ներկայացնել։ Որևէ մեկը չի կարող հաստակ նշել այն օրն ու ժամը, երբ դա տեղի կունենա, սակայն բոլորս հասկանում ենք, որ Քադաֆիի օրերը հաշվված են»։
Անդրադառնալով Լիբիայում ստեղծված իրավիճակին, Ռուսաստանի արտգործնախարարն արտահայտել է իր կարծիքն այն մասին, որ ՆԱՏՕ-ի անդամների, Ռուսաստանի և տարածաշրջանի երկրների, ինչպես նաև Աֆրիկայի Միության կողմից ձեռնարկվող միջոցառումները կբերեն զինադադարի և բանակցությունների մասին համաձայնության։
«Բանակցություններն այս խնդիրը, ինչպես նաև արդի աշխարհում ցանկացած այլ խնդիր լուծելու միակ միջոցն են» - շեշտել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։