ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը ներկայացրել է պետական պարտքի նվազեցմանն ուղղված ծրագիր, սակայն հանրապետական կուսակցության ներկայացուցիչները մերժել են Օբամայի առաջարկությունները:
ԱՄՆ-ի Սպիտակ տանից նախագահ Օբաման հանդես է եկել իր ուղերձով, որում ինքը կոչ է արել բոլոր ամերիկացիներին, ներառյալ հարուստներին և կորպորացիաները, վճարել երկրի կառավարման ծախսի «արդար մասնաբաժինը»:
Օբաման խոստացել է արգելք դնել ցանկացած առաջարկի վրա, որտեղ մեծահասակների համար բժշկական սպասարկման արժեքի կրճատման հետ մեկտեղ նախատեսված չէ բարձրացնել մեծահարուստների կողմից վճարվող հարկերը:
Միացյալ Նախագահների համաձայն, պետական պարտքի մարման ծրագիրը «դասակարգային պայքար չէ, այլ պարզապես մաթեմատիկական հաշվարկ»:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բոների համաձայն, նախագահ Օբամայի ծրագիրը «սեպ է խրում ամերիկացիների երկու խմբերի միջև»:
Հանրապետականների համաձայն, հարկերի բարձրացումը վնաս է հասցնում ներդրումներին ու տնտեսական աճին: Այս կուսակցության ներկայացուցիչները ցանկանում են, որպեսզի պետական պարտքի նվազեցումը կատարվի միմիայն բյուջեի ծախսային մասի կրճատման, ներառյալ տարեց մարդկանց և աղքատների համար նախատեսված կենսաթոշակային և առողջապահական ծրագրերում կատարվող կրճատումների միջոցով:
Նախագահ Օբաման Միացյալ Նահանգների պետական հսկա պարտքը հաջորդ տասը տարվա ընթացքում 3 տրիլիոն դոլարով նվազեցնելուն ուղղված իր ծրագրում առաջարկել է ավելի բարձր հարկեր կիրառել մեծահարուստների նկատմամբ, կրճատել սոցիալական ապահովության և ռազմական որոշ ծախսեր: