Մատչելի հղումներ

Միջուկային զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար աշխատանքից հեռացվել է ԱՄՆ-ի 17 զինծառայող


ԱՄՆ-ի զինծառայողները ռազմագլխիկ են տեղադրում «Մինիթմեն III» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վրա (արխիվային լուսանկար)
ԱՄՆ-ի զինծառայողները ռազմագլխիկ են տեղադրում «Մինիթմեն III» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վրա (արխիվային լուսանկար)

ԱՄՆ-ի օդուժի հրամանատար Մայքլ Դոնլին հայտնել է Միացյալ Նահանգների Կոնգրեսին, որ միջուկային հրթիռային ուժերի անվտանգությունն «ապահովված է լիարժեք»

ԱՄՆ-ի օդուժը հայտնել է «Մինիթմեն» բալիստիկ հրթիռների հսկողությունն իրականացնող 17 զինծառայողի աշխատանքից հեռացնելու մասին:

Ծառայողներն աշխատանքից հեռացվել են այն բանից հետո, երբ հայտնաբերվել են խախտումներ անվտանգության համակարգում, պաշտպանողական ծածկագրերի հետ աշխատանքի կանոնների խախտումներ և աշխատանքի նկատմամբ անձնակազմի վերաբերմունքի վատթարացման դեպքեր:

ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգի «Մինիթմեն III» հրթիռների արձակման կենտրոնների աշխատանքի համար պատասխանատու ստորաբաժանման հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ջեյ Ֆոլդիսի կողմից տարածված ծառայողական գրության մեջ ասված է անտարբերության մթնոլորտի և հրթիռների հետ վարվելու անվտանգության կանոնների կանխամտածված խախտման առնվազն մեկ դեպքի մասին:

Լրատվամիջոցների հարցումներին ԱՄՆ-ի օդուժն արձագանքել է՝ նշելով, որ հայտնաբերված խախտումները երբևէ վտանգի տակ չեն դրել միջուկային սպառազինության անվտանգությունը:

ԱՄՆ-ի օդուժի հրամանատար Մայքլ Դոնլին իր հերթին հայտնել է Միացյալ Նահանգների Կոնգրեսին, որ միջուկային հրթիռային ուժերի անվտանգությունն «ապահովված է լիարժեք»:

«Մինիթմեն» հրթիռների արձակման կենտրոնի նախկին աշխատող, միջուկային զենքի վերացման ուղղությամբ աշխատանքներ տանող «Գլոբալ Զերո» կազմակերպության հիմնադիր Բրյուս Բլերը սակայն կարծում է, որ ծառայողական գրության մեջ նկարագրված իրավիճակը վկայում է հրթիռային ստորաբաժանումներում բարոյահոգեբանական վիճակի անկման մասին:

«Հրթիռային ստորաբաժանումների ծառայողները գիտակցում են, որ այս ոլորտում աշխատանքը կարիերային որևէ առաջխաղացման հեռանկարներ չունի: Դա բերում է կարգապահության անկման, աշխատանքի նկատմամբ անտարբերության, այդ թվում՝ միջուկային անվտանգության կանոնների խախտման», - ասել է Բլերը:
XS
SM
MD
LG