Միացյալ Նահանգների զինված ուժերի ամենաազդեցիկ գործիչներից մեկը՝ գեներալ Դեյվիդ Փեթրեուսը զգուշացրել է, որ պետք է պահպանել զինված ուժերի բազմակողմանիությունն ու ճկունությունը:
Այս հայտարարությամբ գեներալը հանդես է եկել այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը նախատեսում է զգալի կրճատումներ կատարել իր բյուջեում:
Փեթրեուսը չորեքշաբթի օրը հայտնել է, որ կառավարությունը պետք է «բյուջեի հետ կապված դժվարին որոշումներ ընդունի», սակայն 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը հիշեցում է այն մասին, որ զինված ուժերը միշտ չէ, որ կարող են ընտրել պատերազմի միջոցները, վայրը և ժամանակը: Նրա համաձայն, այս հարձակումները ցույց են տվել զինված ուժերի կողմից բազմակողմանիության պահպանման անհրաժեշտությունը, որն է՛լ ավելի է զարգացել Աֆղանստանում, Իրաքում և այլ վայրերում իրականացված պատերազմական գործողությունների շնորհիվ:
Գեներալ Փեթրեուսն ասել է նաև, որ պետության ղեկավարները պետք է հիշեն այն մասին, որ զինվորների և իրենց ընտանիքների մասին հոգ տանելը մնում է իրենց «կարևորագույն նպատակներից մեկը»:
Չորս աստղի ուսադիր կրող գեներալն այս ելույթով հանդես է եկել մոտ չորս տասնամյակ ռազմական իր կարիերան լքելուց առաջ, որի ընթացքում ինքն առաջատար պաշտոններ է զբաղեցրել զինված ուժերում, ներառյալ Իրաքում և Աֆղանստանում վարվող հակամարտությունների ժամանակ: Փեթրեուսը հաջորդ շաբաթ կընդունի Կենտրոնական հետախուզական վարչության պետի պաշտոնը:
Միացյալ Նահանգների զինված ուժերի հրամանատար անձնակազմի ղեկավար, ծովակալ Մայք Մյուլլենը իր գովասանքի խոսքն է ուղղել Փեթրեուսին՝ ասելով, որ գեներալը հիշեցրել է ԱՄՆ-ին, որ համապատասխան ղեկավարության ներքո ճիշտ գաղափարները կարող են «գրեթե ամեն ինչ» հնարվոր դարձնել:
Փեթրեուսն իր պաշտոնում փոխարինելու է Լեոն Պանետային, որը հունիս ամսին զբաղեցրել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնը: