ԱՄՆ-ի ռազմական դատավորը հրաժարվել է «Վիքիլիքս»-ին գաղտնի փաստաթղթերը փոխանցած զինծառայողի դեմ ներկայացված ամենալուրջ՝ «ալ-Քայիդա»-ին աջակցելու մեղադրանքը մերժելուց:
Ռազմական դատավոր, գնդապետ Դենիս Լինդն այս որոշումն ընդունել է ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում գտնվող Ֆորտ Միդ ռազմակայանում հինգշաբթի օրն անցկացված նախադատական լսումների ժամանակ՝ նշելով սակայն, որ եթե դատավարության ընթացքում մեղադրող կողմը չկարողանա ապացուցել շարքային Բրեդլի Մենինգի կողմից թշնամուն օգնելու մտադրությունը, դատարանը կլսի այս մեղադրանքի շուրջ դատապաշտպանների միջնորդությունները:
Մեղադրող կողմն այս շաբաթ անցկացված նախադատական լսումների ընթացքում պնդել է, որ «Վիքիլիքս»-ին գաղտնի փաստաթղթերը փոխանցած Մենինգը տեղյակ էր, որ «ալ-Քայիդա»-ն կկարողանա ձեռք բերել այս փաստաթղթերը, սակայն շարքային դատապաշտպանները հակառակն են պնդում:
Շարքյաին Մենինգը դատարանին դեռևս չի ներկայացրել իր հայտարարությունը:
Հետախուզության նախկին վերլուծաբան Բրեդլի Մենինգը մեղադրվում է 2009 թվականի նոյեմբերից մինչև 2010 թվականի մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում Իրաքի մայրաքաղաք Բաղդադի մոտակայքում գտնվող ռազմակայանից մեկում ծառայություն անցնելու ժամանակ ԱՄՆ-ի արտգործնախարարության և զինված ուժերի գաղտնի հարյուր հազարավոր ֆայլերի անօրինական ներբեռնման մեջ:
Մեղադրող կողմի համաձայն, ներբեռնելուց հետո շարքային Մենինգը ֆայլերը փոխանցել է «Վիքիլիքս»-ին, որը սկսել է դրանց հրապարակումը 2010 թվականի հուլիս ամսին:
ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց համաձայն, Մենինգի կողմից «Վիքիլիքս»-ին նյութեր տարածելու պատճառով վտանգվել է բազմաթիվ մարդկանց կյանքը, ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը և վնաս է հասցվել այլ պետությունների հետ Միացյալ Նահանգների հարաբերություններին: Մենինգն ասել է սակայն, թե ցանկանում էր, որ մարդիկ տեղեկանան «ԱՄՆ-ի կողմից վարվող ռազմական գործողությունների հետ կապված ճշմարտության մասին»: