Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը և Ճապոնիան ստորագրել են համաձայնագիր ռադարային նոր համակարգ ստեղծելու մասին


Նախարար Պանետան մտահոգություն է արտահայտել Չինաստանի և Ճապոնիայի միջև ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ

Միացյալ Նահանգներն ու Ճապոնիան ձեռք են բերել Ճապոնիայի տարածքում Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հնարավոր գործարկումից պաշտպանվելու նպատակով ռադարային նոր համակարգ ստեղծելու մասին համաձայնություն:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան և Ճապոնիայի իր գործընկեր Սաթոշի Մորիմոտոն այս մասին են հայտարարել Տոկիոյում երկուշաբթի օրն անցկացված բանակցություններից հետո:

Նախարար Պանետայի համաձայն, հաճախային «X» տիրույթում գործող ռադարի նշանակությունն է պաշտպանել Ճապոնիան, ինչպես նաև Միացյալ Նահանգների տարածքը: Պանետան շեշտել է, որ ռադարային համակարգն ուղղված չէ ընդդեմ Չինաստանի:

Լեոն Պանետայի Ճապոնիայի գործընկեր Մորիմոտոյի համաձայն, ռադարային համակարգի գտնվելու վայրը դեռևս որոշված չէ:

Չինաստան երկուշաբթի օրը պաշտոնական այցով ուղևորված Պանետան բացի այդ մտահոգություն է արտահայտել Արևելյան չինական ծովում գտնվող կղզիների կապակցությամբ Չինաստանի և Ճապոնիայի միջև ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ:

«Բոլորի շահերից է բխում Ճապոնիայի և Չինաստանի միջև բարյացակամ հարաբերությունների պահպանումը, ինչպես նաև իրավիճակը հետզհետե սրելուց խուսափելը», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը չի ընդունում երկրներից որևէ մեկի կողմը, սակայն կատարելու է միջազգային պայմանագրերից բխող իր պարտավորությունները:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը, բացի այդ, հորդորել է Չինաստանին երկխոսություն մեկնարկել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ պետությունների հետ՝ նման տարաձայնությունները լուծելու համար որոշակի ձևաչափ ստեղծելու նպատակով:
XS
SM
MD
LG