Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ հրավիրվել է Վաշինգտոն` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ Սպիտակ տանը հանդիպելու նպատակով:
Մայիսի 26-ին Օբամայի աշխատակազմի ղեկավար Ռահմ Էմանուելն անձամբ է փոխանցել հրավերը Նեթանյահուին` Երուսաղեմում:
Էմանուելը նշել է, որ Սպիտակ տանը կայանալիք հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ անվտանգությանը վերաբերող հարցեր:
Իսրայելական մամուլի փոխանցմամբ, հունիսի 1-ի հանդիպմանը Օբաման քննարկելու է Արևելյան Երուսաղեմում Իսրայելի կողմից շարունակվող վերաբնակեցման գործընթացին առնչվող խնդիրները:
Հիշեցնենք, որ չնայած Մերձավոր Արևելքում խաղաղության բանակցությունները վերսկսելու նպատակով վերաբնակեցումը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի հորդորներին, Իսրայելն ընդամենը 6-ամսյա դադարից հետո կրկին վերսկսել էր գործընթացը: