ԱՄՆ–ը դիմել է Թուրքիային՝ Իրաքից ոչ մարտական նշանակության սարքավորումները Թուրքիայի տարածքով տեղափոխելու թույլտվություն ստանալու խնդրանքով։
Շաբաթ օրը Անկարայում ելույթ ունենալու ժամանակ, ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարական անձնակազմի ղեկավար ծովակալ Մայք Մյուլլենը շեշտել է, որ Թուրքիայի տարածքով զենք տեղափոխելու ծրագրեր չկան։
Վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակին՝ «Հուրիեթ» օրաթերթը հաղորդել է, որ Անկարան, հավանաբար, հավանություն կտա ԱՄՆ–ի դիմումին։
ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան 2003 թվականին թույլ չտվեց իր տարածքն օգտագործել Իրաք ներխուժելու համար։
Բարձր գնահատելով Թուրքիայի կողմից Աֆղանստանի ոստիկանության վերապատրաստման աշխատանքը՝ ծովակալ Մյուլլենն ասել է, թե ողջունում է Աֆղանստանում Թուրքիայի առավել ակտիվ ներգրավվածությունը։