Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կառավարությունը մեկնարկել է գործունեության ժամանակավոր դադարեցումը


Պետական մարմինների գործունեության դադարեցումը սակայն ազդեցություն չի գործի ԱՄՆ-ի Կոնգրեսում շարունակվող վեճերի հիմնական առարկայի՝ «Մատչելի առողջապահության մասին» օրենքի ուժի մեջ մտնելու վրա

ԱՄՆ-ի կառավարությունն ուժի մեջ է դրել գործունեության ժամանակավոր դադարեցման մասին կարգադրությունն այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատները չեն կարողացել մինչև հոկտեմբերի 1-ի վերջնաժամկետը համաձայնության գալ երկրի բյուջեի ծախսային մասին շուրջ:

Հանրապետականների կողմի վերահսկվող ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը նախօրեին երերք անգամ հավանության էր արժանացրել բյուջեի այնպիսի նախագիծ, որով նախատեսվում էր հետաձգել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հեղինակած «Մատչելի առողջապահության մասին»՝ հաճախակի «Օբամաքեյր» անվանվող օրենքի ֆինանսավորումը: Բոլոր երեք դեպքերում էլ ԱՄՆ-ի Սենատը մի քանի րոպե անց մերժել է այդ օրինագծերը:

ԱՄՆ-ի Սպիտակ տան բյուջեի գծով տնօրեն Սիլվիա Բուրվելը կեսգիշերին մոտ հրապարակել է դաշնային գործակալություններին հասցեագրված կարգադրություն, որտեղ ասված է, որ վերջինները պետք է պատրաստվեն գործունեության կանոնավոր դադարեցման:

Միացյալ Նահանգների կառավարության գործունեության կանոնավոր դադարեցումը նշանակում է, որ անճար արձակուրդ է ուղարկվելու մոտ 800 հազար պետծառայող: Գործունեության ժամանակավոր դադարեցումն ազդեցություն կգործի Զբոսայգիների ազգային ծառայության, երթևեկության անվտանգության ապահովման ծառայությունների և պաշտպանության նախարարության վրա: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում սակայն անվճար արձակուրդ կուղարկվեն հիմնականում քաղաքացիական աշխատողներ:

Չնայած կառավարական մարմինների գործունեության դադարեցման մասին կարգադրության՝ աշխատանքը կշարունակեն ԱՄՆ-ի ներքին անվտանգության գործակալությունն ու սահմանապահ ծառայությունը, ինչպես նաև իրավապահ այլ մարմիններ:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի վաղ առավոտյան արված հայտարարության մեջ ասել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերի ծառայողները կշարունակեն իրենց պարտականությունների իրականացումը, այդ թվում՝ Աֆղանստանում իրականացվող ռազմական գործողությունները: Օբաման հայտնել է զինծառայողների աշխատավարձը ժամանակին վճարելու մասին օրենքի նախագիծն ուժի մեջ մտցնելու իր ծրագրերի մասին՝ միաժամանակ խոստանալով աշխատել ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների հետ պետական մարմինների գործունեությունը վերսկսելու ուղղությամբ:

Պետական մարմինների գործունեության դադարեցումը սակայն ազդեցություն չի գործի ԱՄՆ-ի Կոնգրեսում շարունակվող վեճերի հիմնական առարկայի՝ «Մատչելի առողջապահության մասին» օրենքի ուժի մեջ մտնելու վրա: Այս օրենքի որոշ մասեր ուժի մեջ կմտնեն ըստ ժամանակացույցի:

Նախագահ Օբաման ավելի վաղ ունեցած իր ելույթում «անպատասխանատվության գագաթնակետ» է անվանել երկրի կառավարության գործունեության դադարեցումը՝ շեշտելով, որ այն խարխլում է երկրի տնտեսական վերականգնումը:
XS
SM
MD
LG