Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանության է արժանացրել Հարավային Կորեայի, Պանամայի և Կոլումբիայի հետ ազատ առևտրի պայմանագրերը


Բողոքի ցույց Հարավային Կորեայում՝ ազատ առևտրի մասին պայմանագրի դեմ
Բողոքի ցույց Հարավային Կորեայում՝ ազատ առևտրի մասին պայմանագրի դեմ

ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանության է արժանացրել Հարավային Կորեայի, Պանամայի և Կոլումբիայի հետ ազատ առևտրի պայմանագրերը, որոնք, պայմանագրերի կողմնակիցների համաձայն, կնպաստեն տարեկան գրեթե 13 միլիարդ դոլարով ավելացնել ԱՄՆ-ից արտահանվող ապրանքների ծավալը:

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի օրը կողմ է քվեարկել այս երեք պետությունների հետ կնքված պայմանագրերին, որոնք հավանության է արժանացրել սենատորների ճնշող մեծամասնությւոնը:

Հարավային Կորեայի, Պանամայի և Կոլումբիայի հետ ազատ առևտրի մասին պայմանագրերի շուրջ աշխատանքը սկսվել էր գրեթե հինգ տարի առաջ, նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի օրոք: Չնայած այս պայմանագրերին կողմ են հանդես եկել և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները, որոշ դեմոկրատներ, այնուամենայնիվ, դեմ էին արտահայտվում պայմանագրերի կնքման՝ այս պետություններում մարդու իրավունքների ոլորտում խնդիրների և Միացյալ Նահանգներից օտարերկրյա պետություններ աշխատատեղերի «տեղափոխման» հնարավորության մտավախությունների պատճառով:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի համաձայն, պայմանագրերը հավանության արժանացնելու մասին օրենքները «մեծ հաղթանակ են ԱՄՆ-ի աշխատավորների և գործարարների համար»:

Նախագահ Օբամայի համաձայն, պայմանագրերը թույլ կտան ավելացնել արտահանումը, օժանդակել լավ վարձատրվող աշխատատեղերի ստեղծմանն ու նպաստել շրջակա միջավայրի պահպանման, աշխատավորների իրավունքների և մտավոր սեփականության հետ կապված խնդիրների լուծման:

Հարավային Կորեայի հետ ազատ առևտրի մասին կնքված պայմանագիրը 1995 թվականին Մեքսիկայի և Կանադայի հետ Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագրի (NAFTA) կնքման ժամանակից առևտրի ոլորտում ԱՄՆ-ի կողմից կնքված ամենախոշոր գործարքն է:

XS
SM
MD
LG