Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պարտադիր վերջնաժամկետների սահմանում են պահանջում


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կներկայացնի Դամասկոսում անցյալ ամիս քիմիական զենքի կիրառմամբ հարձակման մասին հաղորդագրությունների հետաքննությունն իրականացրած քննիչների զեկույցը

Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքերի հանձնման հստակ և կատարման համար պարտադիր վերջնաժամկետներ սահմանող ՄԱԿ-ի բանաձևի անհրաժեշտության շուրջ:

Նման համաձայնության ձեռք բերման մասին հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գրասենյակը՝ Փարիզում ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի և Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի իր գործընկերներ Լորան Ֆաբիուսի և Ուիլյամ Հեյգի միջև կայացած հանդիպումից հետո:

Փարիզում երկուշաբթի օրը կայացած հանդիպումն անց է կացվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի իշխանությունները հայտնել էին Սիրիային քիմիական զենքերի պաշարը միջազգային հանրության վերահսկողության տակ հանձնելու ծրագրերի մասին: Սիրիայի իշխանությունները խոստացել են հետևել այս ծրագրին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն այս ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային կներկայացնի Դամասկոսում անցյալ ամիս քիմիական զենքի կիրառմամբ հարձակման մասին հաղորդագրությունների հետաքննությունն իրականացրած քննիչների զեկույցը: Քննիչներին հանձնարարված էր հաստատել, առանց կողմերից որևէ մեկին մեղադրանքներ ներկայացնելուց, թե արդյոք խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի պատճառը դարձած հարձակումն իրականացվել էր քիմիական զենքի կիրառմամբ:

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղադրում են Սիրիայի կառավարական ուժերին հարձակման ընթացքում քիմիական զենք կիրառելու մեջ, սակայն Սիրիայի իշխանությունները հերքում են այս մեղադրանքները՝ պնդելով, որ քիմիական զենքի կիրառումն իրականացվել էր ապստամբների ուժերի կողմից:
XS
SM
MD
LG