Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը և ԵՄ-ը դատապարտել են «Pussy Riot»-ի մասնակիցների դատավճիռը


«Amnesty International». Բանտարկության դատապարտված երեք կանայք խղճի բանտարկյալ են ճանաչվել

Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության կառավարությունները և մարդու իրավունքների ակտիվիստները դատապարտել են ռուսական «Pussy Riot» ֆեմինիստական փանք-խմբի երեք ներկայացուցիչների երկու տարվա ազատազրկման մասին դատավճիռը:

Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարությունն ուրբաթ օրը տարածված հաղորդագրության մեջ «անհամաչափ» է անվանել փանք-ռոք խմբի մասնակիցներին ներկայացված դատավճիռը և հորդորել է Ռուսաստանի իշխանություններին վերանայել գործը և ապահովել խոսքի ազատությունը:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակն ուրբաթ օրը նույնպես դատապարտել է «անհամաչափ» դատավճիռը՝ ասելով, որ «Միացյալ Նահանգները հիասթափված է դատավճռով, ներառյալ տրված անհամաչափ պատժաչափը»:

«Չնայած մենք հասկանում ենք, որ խմբի անդամների վարքը կարող էր ոմանց համար վիրավորական լինել, սակայն լուրջ մտահոգություններ ունենք Ռուսաստանի դատաիրավական համակարգի կողմից այս կանանց նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի կապակցությամբ», - ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեստը՝ առանց հիշատակելու ֆեմինիստական փանք-ռոք խմբի անվանումը:

Եվրոպական Միության արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնն ասել է, որ դատական գործը կազմում է Ռուսաստանում ընդդիմության ակտիվիստների «քաղաքական դրդապատճառներ ունեցող ահաբեկման և հետապնդման» վերջերս բարձրացած ալիքի մասերից մեկը:

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել բանտարկության դատապարտված երեք կանանց խղճի բանտարկյալ ճանաչելու մասին:

«Pussy Riot» ֆեմինիստական փանք-խմբի բանտարկության դատապարտված երեք մասնակիցներին աջակցելու նպատակով բողոքի ցույցեր են անցկացվել Լոնդոնում, Փարիզում, Կիևում և Եվրոպայի այլ քաղաքներում:


Բեռնում...
XS
SM
MD
LG