Այս շաբաթ Վաշինգտոնում կայանալիք երկօրյա բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգները փորձելու են Չինաստանի հետ համաձայնության գալ մտավոր սեփականության իրավունքների և «տեղական նորամուծությունների» քաղաքականության շուրջ:
Վաշինգտոն ժամանող Չինաստանի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված է լինելու մոտ 100 մասնակից, գլխավորելու է երկրի փոխվարչապետ Վանգ Քիշանը: Պատվիրակությունը մասնակցելու է ԱՄՆ-Չինաստան առևտրի համատեղ հանձնաժողովի երեքշաբթի օրը մեկնարկող ամենամյա հանդիպումներին:
Բանակցությունների ամերիկյան կողմը գլխավորելու է ԱՄՆ-ր առևտրի նախարար Գերի Լոքեն և առևտրային ներկայացուցիչ Ռոն Քըրքը:
Վերլուծաբանների համաձայն, երկու կողմերը փորձելու են հասնել շոշափելի արդյունքների երկու պետությունների միջև առևտրի ոլորտում առկա վիճահարույց հարցերի շուրջ և բարելավել մթնոլորտը Չինաստանի նախագահ Հու Ջինթաոյի հաջորդ ամիս ԱՄՆ կայանալիք այցին ընդառաջ:
Բանակցությունների նախօրեին ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները կոչ են արել ամերիկյան կողմն ուժեղացնել ճնշումը Չինաստանի վրա, որպեսզի այն ավելի մեծ ջանքեր գործադրի հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի, օրինակ` երաժշտության և կինոնկարների կեղծարարությունը դադարեցնելու ուղղությամբ:
Նրանք հայտնել են նաև իրենց մտահոգությունը Չինաստանի «տեղական նորամուծությունների» քաղաքականությամբ, որի համաձայն կառավարության կողմից բարձր տեխնոլոգիաներ օգտագործող ապրանքներ գնելիս առաջնություն է տրվում չինական ընկերություններին: