ԱՄՆ-ի օրենսդիրները կեսգիշերից ընդամենը մի քանի րոպե առաջ հասել են համաձայնության դաշնային բյուջեում միլիարդավոր դոլարներ կազմող գումարների կրճատման վերաբերյալ՝ կանխելով պետական մարմինների գործունեության մասնակի դադարեցումը։
Նախագահ Օբամայի համաձայն, բյուջեի վերաբերյալ համաձայնությունում կատարվել են որոշ «ցավագին կրճատումներ», որոնց արդյունքում 2011 թվականի բյուջեն կրճատվել է մոտ 38 միլիարդ դոլարով։
«Դեմոկրատների և հանրապետականների միջև համաձայնությունը, որն նրանք ձեռք են բերել բոլոր ամերիկացիների անունից, վերաբերում է մեր ապագայում ներդրումներ կատարելու հնարավորության պահպանմանը: Սակայն բյուջեում կատարվել են մեր պատմության մեջ տարեկան ծախսերի ամենամեծածավալ կրճատումները։ Ինչպես ցանկացած կարևոր փոխզիջման հասնելու դեպքում, երկու կողմերը ստիպված են եղել ընդունել դժվար որոշումներ և կատարել զիջումներ իրենց համար կարևոր հարցերում. ես անձամբ կատարել եմ նման զիջումներ։ Որոշ կրճատումներ, որոնց վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել, լինելու են ցավագին։ Կրճատումներ են կատարվելու այն ծրագրերում, որոնց վրա հույս են դնում բազմաթիվ մարդիկ։ Հետաձգվելու են ենթակառուցվածքային անհրաժեշտ նախագծեր։ Առավել լավ տնտեսական պայմանների դեպքում ես չէի համաձայնվի այս կրճատումներին, սակայն դրանով պաշտպանեցինք այն ներդրումները, որոնց կարիքը կունենանք ապագայում», - իր խոսքում նշել է նախագահ Օբաման։
Ներկայացուցիչների պալատի հանրապետականների մեծամասնության առաջնորդ Ջո Բոներն ասել է, որ բյուջեի վերաբերյալ բանակցությունները «երկարատև մարտ» էր՝ նշելով, որ աշխատատեղեր ստեղծելու համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով անհրաժեշտ է կրճատել բյուջեի ծախսային մասը։
ԱՄՆ-ի Սենատի առաջնորդ, դեմոկրատ Հերի Ռիդի համաձայն, փոխզիջման հասնելը դժվար է, սակայն անհրաժեշտ՝ երկրի ապագայի համար։
Սենատն ու Ներկայացուցիչների պալատն ընդունել են ժամանակավոր ֆինանսավորման մասին օրենքի նախագիծը, որն ուղարկվել է նախագահի ստորագրությանը։
Ամբողջ բյուջեի վերաբերյալ քվեարկությունը կայանալու է հաջորդ շաբաթվա կեսին։